Մոտ 2 տարի տեւած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթև Սարգսյանը դատարանում հաղթել է, և դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթևից և գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը։
Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:
Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու համար։
Դատարանը Դիանային պարտավորեցրել է հրապարակայնորեն՝ News.am և ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվոր Տաթև Սարգսյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող բոլոր տեղեկությունները և նույն լրատվական կայքերի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
Ըստ վճռի` Դիանա Օրդուխանյանից հօգուտ Տաթև Սարգսյանի կբռնագանձվի 200.000 դրամ գումար՝ որպես վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում, և 400.000 դրամ գումարի չափով՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում:
Ընդհանուր առմամբ` Դիանա Տոռեսից կգանձվի 764.000 դրամ:
Դատարանի հրապարակած վճռում նաև նշված է, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Նշենք, որ Դիանայի ավտոմեքենան գտնվում է կալանքի տակ:
Աղբյուր՝ BRAVO.am