Սեր, դավաճանություն և սկանդալային պատմություն. կայացել է «Հարսանեկան պինգ-պոնգ» ներկայացման պրեմիերան․ լուսանկարներ

Պարոնյանի անվան թատրոնի բեմում  կայացավ Արշո Հարությունյանի «Հարսանեկան Ping Pong» ներկայացման պրեմիերան, թեթեւ արկածային կատակերգության, որը ցույց է տալիս, թե ինչպես է սուտը գլորվում, մեծանում, դառնում  մեծ պատմություն, ու եթե ճիշտ ժամանակին չբացահայտվեր, չորս հոգու ճակատագիր կկործաներ:

Դերասանները՝ Գոռ Հակոբյան, Իննա Խոջամիրյան, Լևոն Հախվերդյան, Անի Խաչիկյան, Մանե Մխոյան, կարողացան հանդիսատեսին մոտ երկու ժամ պահել թատրոնում, պարգեւել ծիծաղ:

Մյուս պրոդյուսերը՝ Տիգրան Վիրաբյանը, ով նաև ներկայացման մտահղացման հեղինակն է, հավելեց. «Տարբեր պիեսների միքս է ներկայացված, նաև հայաֆիկացված տարբերակով, իսկ բեմում են արտիստներ, որոնք լավագույնս կկարողանային արտացոլել կերպարներին և գույն տալ նրանց»:

Վերջինիս խոսքով՝ ներկայացումը դիտելուց հետո համոզվել է՝ ճիշտ պատմություն են ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով:

Լեւոն Հախվերդյանը մարմնավորում էր Գրիգի` փեսացուի կերպարը։ Վերջինս հարսանիքին նախորդող գիշերը հայտնվել էր ամենավատ իրավիճակում,արթնացել այլ կնոջ կողքին։

Լևոն Հախվերդյանն ավելի քան տասը տարի աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում և դերերի հարուստ գունապնակ ունի, սակայն Գրիգի կերպարում էլ հետաքրքիր երանգ է գտել: «Կերպարը նոր չէր, բայց նոր էր աշխատելաոճը: Դրամատիկականն իմ թատրոնն է, իմ բեմն է, այնտեղ իմ խաղընկերներն են: Իսկ այստեղ բոլորի հետ առաջին անգամ էի աշխատում: Շատ ուրիշ ու սովորեցնող էր: Փաստորեն կարելի է հավաքվել ու մի քանի ամսում նման ներկայացում բեմադրել, որը լավ արձագանքի արժանացավ»,-նշում է Հախվերդյանը:

Նախկինում դրամատիկ կերպարներ մարմնավորող Մանե Մխոյանն այս ներկայացման ընթացքում ներկայանում է լիովին այլ՝ հումորային և խաղարկային կերպարով:

«Սկզբում կային մտավախություններ, քանի որ նախկինում միշտ դրամատիկ, ծանր դերեր եմ մարմնավորել, իսկ այս ներկայացման մեջ ես պետք է համ ու հոտ տայի ընթացքին, սցենարային լուծումներով հումորային տարրերը շատ էին, բայց ինձ դուր է եկել այս փորձը և ուրախ եմ լսել դրական արձագանքներ և մարդկանց գնահատականը, որ այսօրվա իմ կերպարը բացահայտում էր շատերի համար»,- ասաց Մանե Մխոյանը:

Իսկ դերասան Գոռ Հակոբյանն առաջին անգամ էր ներկայանում թատրոնում:

«Նախկինում երբ «Ֆուլլ Հաուսի» դերասաններով ելույթ էինք ունենում, երբեմն պատահում էր, որ տեքստերը մոռանայինք, բայց իմպրովիզացիա շատ էինք անում, իսկ այս ձևաչափում դու չես կարող իմպրովիզացիա անել, քանի որ բեմում կանգնած դերասանը սպասում է քո խոսքին, որից հետո նա պետք է շարունակի: Այսօր ևս եղան միջադեպեր, որտեղ մոռանում էի տեքստը, բայց գործընկերների հարցում բախտս բերել է»,- ասաց Գոռ Հակոբյանը:

Դերասանուհի Անի Խաչիկյանը նշում է, որ նախկինում ունեցել է թատրոնում աշխատելու փորձ, բայց ոչ նման մեծ թվով հանդիսատեսի առաջ:

Ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, գգեստների նկարիչը՝ Լուսինե Երնջակյանը, պրոդյուսերներն են Տիգրան Վիրաբյանն ու Արման Միտոյանը:

Թատերասերներն այն դիտելու հնարավորություն կունենան ապրիլի 25-ին, մայիսի 2-ին և 12-ին: