Փոքրիկ հայ թավջութակահարուհին Գալկինին խորհուրդ է տվել հայերեն սովորել

8-ամյա հայ թավջութակահարուհի Լիանա Ուլիխանյանը ռուսական «Лучше всех» հաղորդման ժամանակ հիացրել է բոլորին իր կատարմամբ:

Նա թավջութակ նվագելու վարպետության դաս է անցկացրել, իսկ հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է՝ արդյոք գործիքն անուն ունի։ Աղջիկը պատասխանել է, որ հայերենով այն հնչում է որպես թավջութակ, իսկ ինքն այն անվանում է «թավդուջակ»։ Մաքսիմ Գալկինը նկատել է, որ մարդու համար, ով հայերեն չգիտի, հնարավոր չէ հասկանալ տարբերությունը, իսկ Լիանա Ուլիխանյանն ի պատասխան նրան խորհուրդ է տվել հայերեն սովորել։

Նա թվել է նաև իր սիրելի 3 թավջութակահարներին՝ Ժակլին Դյու Պրեին, Նարեկ Հախնազարյանին ու Սևակ Ավանեսյանին: Գալկինը նկատել է, որ Լիանայի կողմից սիրված աշխարհահռչակ 3 թավջութակահարներից 2-ը հայեր են։

Լիանան նաև հայտնել է, որ ցանկանում է այնքան հանրահայտ թավջութակահարուհի դառնալ, որ նույնիսկ Տիեզերքն իմանա իր մասին: Վերջում հայուհին համատեղ կատարմամբ հանդես է եկել դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ հանդես եկող նվագախմբի հետ: