Ամերիկացի դերասան և ռեժիսոր Թիմոթի Հաթոնը, որ 1981թ. «Սովորական մարդիկ» ֆիլմում «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ստացել է «Օսկար», մեղադրվում է անչափահաս աղջկա բռնաբարության մեջ, գրում է Indiewire-ը։
Տուժող Սառա Ջոնսոն անունով կինը պատմել է, որ բռնության զոհ է դարձել Կանադայի Վանկուվեր քաղաքում 1983թ.: Այնտեղ Հաթոնը գտնվել է «Սառցե մարդը» ֆիլմի նկարահանումների ընթացքում:
Ըստ Ջոնսոնի, որ այն ժամանակ 14 տարեկան էր, դերասանն իրեն և իր ընկերուհիներին հրավիրել է իր հյուրանոցային համար, որտեղ գտնվել են նրա ընկերները: Համարում իբր Հաթոնը ընկերոջ հետ բռնաբարել է աղջկան:
Անցյալ տարի 50-ամյա կինը քրեական գործ է հարուցել օսկարակիր դերասանի դեմ:
Ջոնսոնը պատմել է, որ ինքը որոշել է այդ քայլին դիմել այն բանից հետո, երբ սեռական ոտնձգություններից տուժածների MeToo շարժումը սկսել է աշխարհում թափ հավաքել: Ըստ կանադուհու՝ ինքը նախկինում վախենում էր խոսել բռնաբարության մասին, քանի որ մտածում էր, թե իրեն ոչ ոք չի հավատա:
59-ամյա Թիմոթի Հաթոնը հայտարարել է, որ չի ճանաչում Սառա Ջոնսոնին, իսկ նրա հայտարարությունը միտված է իրենից փող կորզելուն: Դերասանը հավելել է, որ կինը վերջին երկու տարիներին իրենից գումար է պահանջում: Կինը սպառնացել է, որ եթե Հաթոնը իրեն չվճարի պահանջվող գումարը, ապա նրան կմեղադրի բռնաբարության մեջ:
Դերասանը նաև հայտնել է, որ արդեն դիմել է Հետաքննությունների դաշնային բյուրո` բողոք ներկայացնելով Կանադայի բնակչուհու դեմ։