Հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Երկար գիշեր) ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի: Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում:
Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:
Գեղարվեստական կինոնկարը ներկայացնում է երեք տարբեր պատմություն այսօրվա, 1915 և 1003 թվականների մասին:
Տարբեր ժամանակաշրջաններում ապրող հերոսների դրամատիկ կյանքը կապված է գայլի և գնդաձև քարի հետ: Ճակատագիրը հետապնդում է այդ խորհրդանիշների տերերին:
Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։