Սոֆի Դևոյանն այսուհետ նաև կզբաղվի հագուստի մոդելավորմամբ

Կարանտինի հետևանքով շատերս կտրվել ենք առօրյա հոգսերից ու պարտականություններից և հնարավորություն ենք ստացել զբաղվել այն ամենով, ինչի համար նախկինում ժամանակ չէինք գտնում։
«Պարի և հոգու» թատրոնի ու մշակութային կենտորնի հիմնադիր Սոֆի Դևոյանի թոռնիկը և հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը, ամիսներ առաջ որոշեց հետևել տատիկի օրինակին՝ դառնալ պարուհի, ու լքեց Հայաստանը՝ կրթութուն ստանալու նպատակով մեկնելով Ռուսաստան։

Սակայն հիմա, երբ կարանտինի հետևանքով նա արդեն Հայաստանում է, և որոշ ժամանակ կարող է զբաղվել իրեն հետաքրքրող այլ գործերով, Սոֆին որոշել է փորձել իրեն հագուստի մոդելավորման ոլորտում։
«Ցանկանում եմ իմ ինստագրամյան էջում նոր կոնտենտ ստեղծել, որտեղ կվաճառեմ իմ մոդելավորած հագուստը։ Դա դեռ քննարկման փուլում է, բայց մոտակա օրերի ընթացքում ամեն բան պատրաստ կլինի։ Փորձելու եմ ներկայացնել ու վաճառել այն, ինչը կկրեի ինքս ու վստահ եմ, որ շատ աղջիկներ կհավանեն, կփորձեն հագնվել այդ ոճով»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Սոֆին։

Այդ գործի մեջ Սոֆին վաղուց է հմտացել, քանի որ տատիկի և մայրիկի հետ հաճախ է զբաղվել Սոֆի Դևոյան պարային համույթի սաների հագուստների ձևավորմամբ։

«Անգամ հիմա՝ կարանտինի ընթացքում, զգեստներ ենք տանը կարում պարի դպրոցի համար, նաև ձեռագործները միշտ մենք ենք արել։ Բնականաբար հոգնեցուցիչ է, դժվար է, բայց երկար տարիների ընթացքում արդեն սովորել ենք ու մեզ համար հաճելի է արդեն դրանով զբաղվելը, մանավանդ, երբ տեսնում ենք այդ զգեստներով բեմում պարող երեխաներին»,- կիսվում է Սոֆին։

Սոֆին նաև առաջինը Showbiz.am կայքին տրամադրել է լուսանկարներն այն հագուստների, որոնք ներառված կլինեն նրա մոդելավորած առաջին հավաքածուի մեջ։

 
Խոսելով նորաձևության մասին Սոֆին նշում է, որ միշտ խուսափում է խորհուրդներ տալուց, որովհետև կարծում է, որ աղջիկներն ու կանայք պետք է կրեն այն, ինչ իրենց դուր է գալիս և այն, ինչ իրենց համապատասխանում է։
Սոֆին նաև դեմ է թրենդամոլությանը։
«Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս կամ չի համապատասխանում, պետք չէ այն կրել միայն այն բանի համար, որ թրենդային է։ Միշտ պետք է գնել հոգեհարազատ հագուստ, որի մեջ դուք հանգիստ եք ձեզ զգում։ Հատուկ քառակուսիներ ես չեմ գծում ու կարծում եմ դրանք գծելը սխալ է»,-պարզաբանում է նա։

Սոֆին նաև դրական կարծիք ունի հայուհիների ոճի մասին՝ նշելով, որ հաճախ լինելով արտասահմանում, հասկացել է՝ հայուհիների ոճն առանձնահատուկ է և տարբերվող։
«Հայուհիները շատ սիրուն են հագնվում։ Ես արտասահմանում ուշադրությամբ զննում եմ բոլորի ոճը, բայց զգում եմ, որ մեզ մոտ աղջիկներն առանձնանում են, հատուկ են հագնվում։ Ես՝ ինքս, փորձում եմ հագնվել այնպես, որպեսզի տարբերվեմ՝ տարբեր համադրույթուններ եմ անում»,-մանրամասնում է Սոֆին՝ հավելելով, որ Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դևոյանը հաճախ են զայրանում նրա վրա՝ խնդրելով հրաժարվել սև հագուստից ու նախապատվությունը տալ ավելի վառ գույներին, սակայն ապարդյուն։

Սոֆին նաև պատմում է՝ թե ինչպես է փոխվել իր առօրյան կարանտինի հետևանքով և ինչպես է նա անցկացնում ընտանիքի հետ ինքնամեկուսացումը։
«Եթե ասեմ, որ հետաքրքիր է անցնում սուտ կլինի, որովեհտև  տանն ենք լինում ու չի ստացվում ինչ-որ հետաքրքիր բաներով զբաղվել, բայց փորձում ենք ամեն կերպ հետաքրքրացնել․ օինակ Tik Tok-ներ ենք փորձում նկարահանել, որոնք տեղադրում եմ իմ ինստագրամյան միկրոբլոգում։ Առաջին անգամը երկար համոզեցի մայրիկին ու տատիկին, որպեսզի նկարվեն, բայց հիմա արդեն իրենք են ինձ համոզում, տարբերակներ են առաջարկում, որոշում են՝ ինչ հագուստով նկարահանվենք։ Հիմա նրանք առավել ոգևորված են»,-իր առօրյայի մանրամասներով կիսվում է Սոֆին՝ հիշելով զավեշտալի դեպք Tik Tok-ների նկարահանումներից․ «Հիշում եմ՝ Tik Tok-ներից մեկի ընթացքում պետք է միաժամանակ երեքս հայկական, պարային շարժումներ անեինք, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում երեքիս մոտ։ 1 ժամ տանջվելուց հետո հասկացանք, որ պետք չի այդ Tik Tok-ը նկարահանել։ Շատ տանջվեցինք այդ օրը»։

Սոֆին նաև տեղեկացրեց, որ կարանտինն իրենց  ընտանիքում մեկ կարևոր փոփոխություն է բերել․ եթե նախկինում նրանք երբեք ժամանակ չէին գտնում միասին ճաշելու և նախաճաշելու համար, ապա հիմա ինքնամեկուսացումը տալիս է այդ հնարավորությունը։

Կարանտինի ընթացքում Սոֆին նաև որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքը․ «Երբեք դաշնամուր չեմ նվագել, բայց միշտ ցանկություն եղել է։ Հիմա համացանցի միջոցով սովորում եմ, արդեն մի քանի ստեղծագործություն կաորղանում եմ նվագել»։
Պարուհին նաև խստորեն հետևում  է իր կազմվածքին և անդադար մարզվում է։ Սոֆիի հավաստմամբ՝ կարանտինի հետևանքով ինքը ոչ միայն չի գիրացել, այլ նաև բավականին նիհարել է։

Խոսելով հետաձգված ծրագրերի մասին՝ Սոֆին պատմում է, որ պետք է մասնակցեր մի քանի տեսահոլովակների նկարահանումների, նաև ֆոտոնախագծերի, սակայն կարանտինը ամեն բան փոխեց։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան