Միխայիլ Եֆրեմովն իր մասնակցությամբ ավտովթարից հետո ունեցած նյարդային ցնցումների հետևանքով սրտի նոպա է ունեցել

ՌԴ վաստակավոր արտիստ, դերասան, ռեժիսոր և հաղորդավար Միխայիլ Եֆրեմովը լույս ուրբաթ սրտի նոպա է ունեցել: Նրա փաստաբանի խոսքով՝ դա տեղի է ունեցել վերջերս Եֆրեմովի մասնակցությամբ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարից հետո նրա մոտ առաջացած նյարդային ցնցումների հետևանքով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 56-ամյա դերասանը հրաժարվել է շտապօգնություն կանչել։

«Գիշերը Եֆրեմովի սիրտը լավ չէր, սրտի նոպա է ունեցել։ Նա հրաժարվել է շտապօգնություն կանչել՝ հայտարարելով, որ ոչինչ չի ուզում։ Կեսգիշերին հեռացա իր մոտից և ինքնազգացողության անգամ մի փոքր վատացման դեպքում հորդորեցի նրան շտապօգնություն կանչել։ Հույս ունեմ, որ կլսի ինձ»,- հայտնել է դերասանի փաստաբան Էլման Փաշաևը։

Հիշեցնենք, որ Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ի ուշ երեկոյան՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Եֆրեմովի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։ Ավելի ուշ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել դերասանի դեմ։ Հայտնի է, որ Եֆրեմովն ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ է վարել մեքենան, ուստի՝ նրան կարող է 5-12 տարվա ազատազրկում սպառնալ։