«Նորթի, ես գնում եմ պատերազմ»․ Քանյե Ուեսթը Թվիթերում դստերն ուղղված մտահոգիչ գրառում է կատարել

Ամերիկացի ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Քանյե Ուեսթը Twitter-ում մտահոգիչ գրառում է կատարել, գրում է Daily Mail-ը։

Իր գրառման մեջ Ուեսթը հայտարարել է, որ դստեր՝ Նորթ Ուեսթի համար «գնում է պատերազմ»։

«Նորթի, ես գնում եմ պատերազմ և եթե ինձ սպանեն, երբեք թույլ մի տուր, որ սպիտակների լրատվամիջոցները քեզ համոզեն, որ ես վատ մարդ եմ եղել»,- դստեր լուսանկարին կից գրել է նա։

Թեև Ուեսթն արագ հեռացրել է գրառումը, նրա երկրպագուներից շատերը մտավախություն են հայտնել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը խոսել էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի երկբևեռ աֆեկտիվ խանգարման մասին։

«Քանյեն փայլուն, բայց բարդ մարդ է, որը արտիստ և սևամորթ լինելուց բացի տարել է մոր ցավոտ կորուստը, ստիպված է եղել դիմակայել ճնշմանը և մեկուսացմանը, որոնք ավելի բացասական են արդրադառնում երկբևեռ աֆեկտի խանգարման վրա: Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն նրա սիրտը և հասկանում են, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում նրա մտադրությունների հետ»,- նշել էր Քիմը։