Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացել

NEWS.am STYLE-ը գրում է. Համացանցում խոսակցություններ են տարածվել այն մասին, որ դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է: Օգտատերերց շատերը նկատել են, որ դերասանուհին իր հրապարակումներում չի թաքցնում այդ փաստը և հաճախ հանդես է գալիս քարոզչական տեսանյութերով: Ադրիանան, որը մինչ օրս որևէ մեկնաբանություն չէր տվել շրջանառվող լուրերի շուրջ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին անգամ անդրադարձել է տվյալ թեմային:

«Այո, ես Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու անդամ եմ: Ես չեմ ամաչում Հիսուսի մասին խոսելուց և հավատացյալ կոչվելուց: Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից և վերաբերմունքից, ինձ համար կարեւոր է իմ Աստծո կարծիքն իմ մասին: Իսկ թե ինչպես դա կվերագրեն, նորմալ է` Հիսուսին էլ Նոր Կտակարանում անվանում էին Նազովրեցի աղանդի հետևորդ, ինչո՞ւ ոչ` մենք. նույնպես, կարող ենք «աղանդի անդամ» դասվել: Պարզապես, ցավում եմ, երբ մարդիկ հավատացյալ լինելը վերագրում են կրոնական և ծայրահեղական միտումների: Հավատացյալ` նշանակում է ապրել Քրիստոսով եւ նրա սերը ցույց տալ աշխարհին»,-նշել է դերասանուհին: