Ջորջ Քլունին հայտարարել է, որ Բրեդ Փիթի «ամենամեծ երկրպագուն» է (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին համագործակցում է ամերիկյան Omaze-ի (կազմակերպությունը բարեգործական նպատակով դրամահավաքներ է իրականացնում) հետ, որի շրջանակում աստղը նկարահանվել է հոլովակում՝ հայտարարելով, որ Բրեդ Փիթի «ամենամեծ երկրպագուն» է, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 59-ամյա դերասանը և կինը՝ Ամալ Քլունին, համագործակցում են Omaze կազմակերպության հետ, որի շրջանակում հետևորդներից մեկին Իտալիայի Կոմո կղզում իրենց հետ ժամանակ  անցկացնելու հնարավորություն են տալու:

Երկրպագուները նման ժամանցի համար պետք է նվիրատվություն կատարեն Omaze-ի կազմակերպած դրամահավաքին` գումար փոխանցելով «Քլունի արդարության հիմնադրամ»-ին:

Հոլովակի սկզբում Քլունին ասում է, որ կորոնավիրուսային համավարակի ավարտը ցանկանում է տոնել պատահական երկրպագուի հետ։

«Ես ցանկանում եմ, որ դուք իմ և իմ կնոջ` Ամալի հետ գաք տոնելու Կոմո լճի մեր տանը։ Ես լուրջ եմ ասում»,- ասում է Քլունին և հավելում, որ իր հիմնադրամին աջակցելու դիմաց կկազմակերպի պատահական երկրպագուի  այցն Իտալիա, նրա համար հյուրանոց կվարձի և հնարավորություն կստեղծի իրենց հետ ժամանակ անցկացնելու։

Հոլովակի շարունակության մեջ Քլունին ներկայացել է սպիտակ շապիկով, որի վրա եղել է հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի դիմանկարը, ինչպես նաև ձեռքին բռնած է եղել բարձ, որի վրա նույնպես պատկերված է եղել Բրեդ Փիթը։

Քլունին ասել է․ «Հավատո՞ւմ եք` Ամալը ցանկանում էր, որ ես այն դեն նետեի»։

Դրամահավաքը սկսվելու հուլիսի 15-ին, իսկ մրցանակաբաշխության հաղթողին հայտարարելու են օգոստոսի 4-ին։