Ֆլորենս Պյուն մեկնաբանել է իր արտաքինի շուրջ ծավալված քննարկումները, որոնք սկսվել էին կարմիր գորգին նրա վերջին հայտնվելուց հետո։ Սոցցանցերում օգտատերերը ենթադրել էին, որ 30-ամյա աստղը դիմել է վիրաբույժների ծառայություններին։
Դերասանուհին մեկնաբանություն է թողել Ինստագրամի տեսանյութերից մեկի տակ, որի հեղինակը նրան մեղադրել էր դիմագծերը փոխելու հոլիվուդյան թրենդներին հետևելու մեջ։ Պյուն հերքել է վիրահատությունների վերաբերյալ ենթադրությունները և փոփոխությունները բացատրել է բնական հասունացմամբ։
«Ժողովուրդ, ես 30 տարեկան դարձա։ Ես հասուն կին եմ։ Մարմինն ու դեմքը փոխվում են։ Պետք չէ դրանում թաքնված իմաստ փնտրել։ Ինձ վախեցնում է, որ մարդիկ նույնիսկ չեն կարողանում տարբերել տարիքային փոփոխությունները վիրաբուժական միջամտությունից։ Ցավոք, այտերի մանկական թմբլիկությունը հավերժ չի պահպանվում»,- գրել է նա։
Համացանցում վեճերի առիթ էին դարձել Լոս Անջելեսում կայացած Governors Awards 17-րդ մրցանակաբաշխության լուսանկարները։ Միջոցառմանը Ֆլորենս Պյուն ներկայացել էր երկար մազերով, գունաբացված հոնքերով և ավելի ընդգծված այտոսկրերով։ Նկարների մեկնաբանություններում օգտատերերը ենթադրել էին, որ դերասանուհին հեռացրել է Բիշայի գնդիկները, կատարել է բլեֆարոպլաստիկա կամ ռինոպլաստիկա։

















