Երգչուհի Մաքսիմի վիճակը կրկին վատացել է. նրա թոքերում թարախաբորբոքային պրոցես է սկսվել

Երգչուհի Մաքսիմի (Մարինա Աբրոսիմովա) վիճակը կրկին վատացել է, երբ բժիշկներն արհեստական կոմայի մեջ են գցել նրան։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով երգչուհու ընկերուհիներին։

Նախորդ շաբաթ երգչուհու առողջական վիճակում դրական տեղաշարժ էր նկատվել։ Բժիշկները նույնիսկ փորձել էին նրան դուրս բերել արհեստական կոմայից, նա սկսել էր գիտակցության գալ, բայց հետո Մաքսիմի վիճակն ավելի է վատացել, և բժիշկները ստիպված են եղել նրան կրկին արհեստական կոմայի մեջ գցել:

«Նա նորից կրիտիկական վիճակում է»,– ասել են ընկերուհիները։

«Կոմսոմոլսկայա պրավդան» նշում է, որ երգչուհուն կրկին համակարգչային տոմոգրաֆիա են արել և արյան անալիզ վերցրել. հետազոտությունը ցույց է տվել, որ նրա թոքերում թարախաբորբոքային պրոցես է սկսվել, ամենայն հավանականությամբ` սեպսիս։

Սեպսիսը ծանր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։

«Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա վիճակը բարելավվի»,- ընդգծել է երգչուհու ընկերուհին:

Հիշեցնենք, որ երգչուհուն հոսպիտալացնելու մասին հայտնի դարձավ հունիսի 16-ին։ Սոցցանցերի իր էջերում նա պատմել էր, որ դեռ հունիսի 11-ին իրեն վատ է զգացել, սակայն COVID-19-ի թեստը բացասական է եղել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները ստիպված են եղել նրան գցել արհեստական կոմայի մեջ։