Կինոյի հիմնադրամը 65 մլն ռուբլու դատավեճ է ունեցել պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանի հետ

Մոսկվայի արբիտրաժային դատարանը Կինոյի հիմնադրամի գործով հայցի վերաբերյալ հաստատեց հաշտության համաձայնագիր, որը պահանջում է ավելի քան 65 մլն ռուբլի գանձել «Բոլշոյե կինո» կինոընկերությունից և դրա սեփականատեր, կինոպրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հիմք ունենալով այսօր հրապարակված դատարանի որոշումը։

Հայցը, որը դատարան էր մտել այս տարվա փետրվարին, պահանջում էր կինոընկերությունից գանձել Կինոյի հիմնադրամի հետ կնքած երեք պայմանագրերով ունեցած պարտքը։ Պայմանագրի համաձայն` 2017, 2018 և 2019 թվականների համար պետք է դրամական միջոցներ փոխանցվեին, ինչը տեղի չի ունեցել։

Դատական ակտում ասվում է, որ Անդրեասյանն ապրիլին մարել է պայմանագրերից մեկով ունեցած պարտքը` շուրջ 4.5 մլն ռուբլի։ Հաշտության համաձայնագրի պայմաններով մնացած պարտքը` մոտ 60.6 մլն ռուբլի, կինոպրոդյուսերը պարտավորվել էր Կինոյի հիմնադրամին վերադարձնել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը` չորս մարումով։ Հաշտության համաձայնագրի հաստատման հետ կապված` դատարանը դադարեցրեց գործով վարույթը։

Դատարանի նյութերում չի նշվում, թե կինոընկերության որ նախագծի համար էր Կինոյի հիմնադրամը միջոցներ հատկացրել, սակայն հիմնադրամի փաստաթղթերում ասվում է, որ 2017-2019 թվականներին այն աջակցում էր «Կոմա» խաղարկային ֆիլմին։

Հունիսին հայտնի դարձավ, որ այս տարեվերջին նախատեսվում է գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» պատմվածքի հիման վրա նկարահանված սերիալի պրեմիերան, որի նկարահանումները մեկնարկել են Հայաստանում, իսկ պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները։

Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի տվյալներով` Մոսկվայի «Բոլշոյե կինո» կինոընկերություն» ՍՊԸ-ի միակ մասնակիցը Ղևոնդ Անդրեասյանն է։ Ավելի վաղ Անդրեասյան եղբայրները համագործակցում էին Enjoy Movies կինոընկերության հետ։