Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրել է» Հայաստանի մոռացված թագուհուն

Ամերիկյան առաջատար  կոնսերվատորիաներից մեկի՝ Իսթմենի երաժշտության դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Պ. Լոկը «Մի ուրիշ Կլեոպատրա. Հայաստանի թագուհին» դասական ալբոմը սքանչելի է անվանել։

Ալբոմում ներկայացված են Յոհան Հասեի, Քրիստոֆ Գլյուկի և Անտոնիո Վիվալդիի արիաները՝ նվիրված հայոց թագուհուն` Տիգրան Մեծի կնոջը՝ Կլեոպատրա Պոնտացուն: Արիան Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կանադացի ճանաչված օպերային երգչուհի, Operalia մրցույթի մրցանակակիր, «Գրեմմի» և «Ջունո» մրցանակների դափնեկիր հայազգի Իզաբել Բայրաքդարյանը, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Ռալֆ Պ. Լոկի գրախոսությունը հրապարակվել է Artsfuse-ի արվեստի մասին առցանց ամսագրում:

Նոր ձայնասկավառակում ներկայացված բոլոր երեք օպերաները նվիրված են մի թեմայի՝ Տիգրանի (որն այդ ժամանակ արքայազն էր) և «մի ուրիշ Կլեոպատրայի» սիրուն։ Այդ սերը ամեն կերպ խոչընդոտում էր աղջկա հայրը ՝ Միտրիդատ VI-ը ։

Հոդվածում հեղինակը պատմում է դրամատիկ սոպրանոյի տեր երգչուհու հայկական ծագման մասին։ «Իզաբել Բայրաքդարյանը հայ ընտանիքի զավակ է։ Նրանք Կանադա են տեղափոխվել Լիբանանից, երբ նա դեռ դեռահաս էր։ Օպերայի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են նրա արտիստիզմը, լսել նրա ձայնասկավառակները… միլիոնավոր կինոմաններ վայելել են նրա երգը «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Ըստ երաժշտության պրոֆեսորի՝ այս սկավառակի հաճույքի համար կարելի է բազմիցս լսել։

«Հին Հայաստանի զույգի մասին արիաներն ինձ դրդեցին ավելի մոտիկից ծանոթանալ այդ հողի և ժողովրդի պատմությանը։ Հռոմեական կայսրության ժամանակ, ավելի ճիշտ՝ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանը խոշոր տերություն էր։ Մի քանի հարյուր տարի անց, Տիրիդատ III-ի (Տրդատ) օրոք, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին պետությունը։ Այս կարևոր իրադարձությունը կարող է հիմք դառնալ նոր լավ օպերայի կամ ֆիլմի համար»- գրում է Ռալֆ Պ. Լոկը։

Կլեոպատրա Պոնտացին (մ. թ. ա. 110 – մ. թ. ա. 58) պոնտական արքայադուստր է, որի ծնողները Միհրդատ- VI ու նրա քույրն են՝ Լաոդիկան: (նա նաև հայտնի է որպես Կլեոպատրա Ավագ)։

Կլեոպատրան Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կինը դարձավ մ. թ. ա. 94 թվականին՝ դրանով իսկ ամրապնդելով դաշինքը Պոնտոսի և Հայաստանի միջև։ Նրանք ունեցան երեք որդի՝ Տիգրան ավագը, Զարեհը և Տիգրան կրտսերը և երկու դուստր. նրանցից մեկն ամուսնացավ պարթևական արքա Բակուր Առաջինի, իսկ մյուսը ՝ Ատրպատականի կառավարիչ Միհրդատի հետ։