«Միսս Մոլդովա» տիտղոսակրին պայուսակով ծեծել են ռուսերեն խոսելու համար (տեսանյութ)

Յանա Վառնակովան, որը 2008 թվականին արժանացել է «Միսս Մոլդովա» տիտղոսին, ծեծի է ենթարկվել ռուսերեն արտահայտության համար: Նա միջադեպը տեսանկարահանել է իր հեռախոսով և տեղադրել այն իր Instagram-ում, գրում է unian.net-ը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մոլդովացի կնոջը, որը գումար էր հանում բանկոմատից, դուր չի եկել, որ Վառնակովան չափազանց մոտ է կանգնած  իրեն: Նա կարծել է, որ Վառնակովան ցանկանում է տեսնել իր PIN կոդը: Աղջիկը վիրավորանքներին պատասխանել է ռուսերենով, ինչը էլ ավելի է բարկացրել մոլդովացի կնոջը: Նա սկսել է հարվածել աղջկան պայուսակով՝ նրան անվանելով «անառակ» և «գարշահոտ ռուս»:

«Կրկնում եմ՝ անկախ նրանից, թե ինչ ազգի, կրոնի եք պատկանում կամ ինչ մաշկի գույն ունեք, մենք բոլորս մարդ ենք: Հոգ տարեք ձեր և ձեր սիրելիների մասին», – միջադեպը մեկնաբանել է Վառնակովան: