Մահացել է «Ընկերները» հեռուստասերիալի դերասանը

ԱՄՆ-ում 59 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ջեյմս Մայքլ Թայլերը, ով մարմնավորել է Գյունթերին՝ «Friends» հեռուստասերիալում. հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արտիստի մենեջերին:

Friends-ում Գյունթերն աշխատում էր որպես մատուցող և մենեջեր խորհրդանշական Central Perk սրճարանում:

«Աշխարհը նրան ճանաչում էր որպես Գյունթեր, բայց Մայքլի մտերիմները նրան հիշում են որպես դերասան, երաժիշտ, քաղցկեղի դեմ պայքարի ակտիվիստ և սիրող ամուսին»,- ասել է մենեջերը:

Այս ամառ հայտնի դարձավ, որ 59-ամյա Թայլերի մոտ 4-րդ փուլի քաղցկեղ են ախտորոշվել։ Թայլերը բացատրել է, որ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 2018 թվականին: Դա տեղի է ունեցել շատ ուշ, երբ հիվանդությունն արդեն տարածվել էր ամբողջ մարմնով մեկ։ Հիվանդությունը ախտահարել է ոսկորները և ողնաշարը, ինչի հետևանքով վերջույթները կաթվածահար են եղել։

Բժիշկները դերասանին հորմոնային թերապիա են նշանակել, որն առաջին տարին լավ է աշխատել, սակայն նրա վիճակը վատացել է կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ։