Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին

Ամստերդամում 1988 թվականից անցկացվում է Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից և ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաև բազմազան բանավեճեր, ֆորումներ և վարպետաց դասեր:

«Կինոաշխարհը» գրում է, որ IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Հարյուր տարի առաջ Աբրահամ Տուշինսկու ջանքերով հիմնադրված ( Արտ Դեկո ոճով կառուցված)  այս կինոթատրոնում է, որ հանձնվում են փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը՝  կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

2021 թվականին՝ «Life achievement award»-ը գնալու է Հայաստան՝ ուղիղ Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ։ Նոյեմբերի 19-ի երեկոյան, Տուշինսկի կինոթատրոնի սրահում՝ փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի, կինոյի պատմության մեջ՝ վավերագրական կինոյի պոետի  ֆիլմերի կարևորության մասին։

Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չկարողացավ։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։