«Ինձ համար կարևոր պայման էր տևական դադարից հետո վերադառնալ շատ լուրջ նախագծով»․ Մերի Հակոբյանը՝ նոր դերի և դրսում կարիերան շարունակելու հնարավորության մասին

Հեռուստադիտողն արդեն հասցրած կլինի կարոտել Մերի Հակոբյանին, ով երկու տարի է, ինչ բացակայում է եթերից․ դերասանուհին վերադառնում է նոր դերով։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում՝ ВГИК-ում, ուսումն ավարտելուց հետո Մերին վերադարձել է Երևան և արդեն զբաղված է Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» նոր հեռուստասերիալում։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին անդրադարձել է նոր նախագծում իր դերին, պատմել ուսման և թատրոնում խաղալու մասին, ինչպես նաև խոսել կարիերան դրսում շարունակելու հնարավորությունների և այլնի մասին։

«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում  խաղալու առաջարկը դերասանուհին ստացել է  նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանից, ում հետ Մերին նախկինում  այլ նախագծերի շրջանակում աշխատելու փորձ արդեն ունեցել է։

«Ինձ համար շատ կարևոր պայման էր տևական դադարից հետո հեռուստադիտողին ներկայանալ շատ լուրջ և հետաքրքիր մի նախագծով, որի առաջարկը ստացա և չկարողացա մերժել»,- նշում է Մերին, ապա մանրամասնում․ «Կերպարիս անունը նույնպես Մերի է, ով կորցրել է ընտանիքը՝ հորը, մորը, և իր փրկությունը գտել է երաժշտության մեջ։ Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, արդեն պետք է հեռուստադիտողը դիտի և հասկանա»։

Ուսումն արտերկրում ավարտելուց հետո Մերին մեծ պատրաստակամությամբ է վերադարձել հայրենիք՝ չնայած դրսում աշխատանքային առաջարկներ ունենալուն․ «ВГИК-ն ավարտելուց հետո վերադարձա Հայաստան, որովհետև արդեն իսկ կային մի շարք նախագծեր, որոնցում նկարահանվելու առաջարկներ էի ստացել։ Երկար մտորումներից հետո ընդունեցի Ելենա Արշակյանի առաջարկը, քանի որ սա մեծ հնարավորություն էր կիրառելու այն գիտելիքները, որոնք այս տարիների ընթացքում ստացել եմ ВГИК-ում։ Ինչ վերաբերում է՝ կայի՞ն համապատասխան պայմաններ այնտեղ աշխատելու համար, ասեմ, որ կային․ ես առաջարկ էի ստացել Մարկ Ռոզովսկիից՝ «У Ники́тских воро́т» թատրոնում որպես հրավիրյալ դերասան խաղալու համար։ Սակայն երկար մտածելուց հետո հասկացա, որ իմ ստացած գիտելիքներով պետք է վերադառնամ ներկայանալու հայ հեռուստադիտողին։ Հրավեր ունեի նաև իմ վարպետից՝ Վսեվոլոդ Նիկոլաևիչ Շիլովսկուց, իր թատրոնում հանդես գալու համար»։

Մերին այս տարիների ընթացքում Մոսկվայում հասցրել է ոչ միայն լավ ընկերներ ձեռք բերել, այլ նաև եղել են այնպիսիները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ երջանիկ չեն եղել դերասանուհու հաջողությունների համար․ «Մոսկվայում իմ ամենաթանկ և հարազատ ընկերն իմ վարպետն է եղել՝ Վսեվոլոդ Շիլովսկին, ում հետ նաև քննարկել ենք այս նախագծում իմ կերպարը։ Ունեմ ուսանողական երկու մտերիմ ընկերուհի, որոնց հետ առ այսօր կապի մեջ եմ, ամեն օր շփվում ենք, խոսում և կիսվում»։

Անդրադառնալով դժբարություններին՝ Մերին մանրամասնում է․ «Ամենամեծ դժվարությունը երևի այն էր, որ ինձ հետ միասին սովորում էին ադրբեջանցի ուսանողներ։ Նրանք ամեն կերպ փորձում էին այնպես անել, որ բախվեմ բազմապիսի դժվարությունների և դրանցից պատվով դուրս չգամ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ասպարեզում էլ կան բարդություններ, սակայն պետք է փորձես խելացի կերպով անցնել այդ ճանապարհը, որպեսզի այդ խոչընդոտները քեզ չվնասեն»։

Ուսման տարիներին Մերին գիտելիքները ծառայեցրել է թատրոնում խաղալու համար, դերասանուհին նշում է, որ ռուս հանդիսատեսից միշտ դրական էներգիա է ստացել․ «Պետք է ասեմ, որ հանդիսատեսը ինձ միշտ շատ ջերմ է ընդունել և անգամ երբ ներկայացումներն ավարտվում էին, իրենք սպասում էին միջանցքում, որպեսզի կարողանան մոտիկից տեսնել և ծանոթանալ։ Իրենց իրոք հետաքրքիր էր, թե ինչպես է ուրիշ երկրի ներկայացուցիչը ներկայացնում ռուս գրականությունը։ Ես իրենց ծափահարություններից, իրենց ողջույնի խոսքերից ստանում էի մեծ սեր և ջերմություն»։

Այս ընթացքում Մերին կորցրել էր ինստագրամյան էջը, որն ուներ ավելի քան 350.000 հետևորդ, սակայն դերասանուհին չի ընկճվում, նա արդեն նոր էջ ունի․ «Բազմաթիվ փորձեր եմ արել իմ ինստագրամյան էջը վերադարձնելու համար։ Բայց երբ հասկացա, որ դա ապարդյուն է, որոշեցի բացել ինստագրամյան նոր էջ և ամեն ինչ սկսել զրոյից, միգուցե վախ չունեի, համոզված էի, որ իմ լսարանը հետ է գալու։ Փառք Աստծո, շարժվում եմ առաջ և իմ հետևորդները միանում են իմ նոր էջին, ինչի համար անչափ շնորհակալ եմ»։

Մերին «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից զատ այլ նորություններ ևս ունի․ «Մոտակա ժամանակիներս ես հեռուստադիտողին կներկայանամ նաև այլ ձևաչափով, որի մասին կխոսեմ մի փոքր ավելի ուշ։ Պետք է ասեմ, որ իմ ամբողջ ուժն ու էներգիան ներդնում եմ, որպեսզի ցանկացած ասպարեզում կարողանամ ըստ արժանվույն ներկայանալ հայ լսարանին»։

Նյութը՝ Լուս Ավագյանի