«Միսս աշխարհ» մրցույթի մասնակիցն Իսպանիայի խոշորագույն ընկերություններից 4,6 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել թագավոր Խուան Կառլոսի հետ իր սիրավեպը գաղտնի պահելու համար

Իսպանիայի երեք խոշորագույն ընկերությունները նախկին թագավոր Խուան Կառլոսի ենթադրյալ սիրուհուն վճարել են 4,6 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց սիրավեպի մասին ապացույցները գաղտնի պահելու համար, ասվում է ոստիկանության նախկին կոմիսարի՝ արտահոսած հուշագրերում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Repsol, Santander և Telefonica ընկերությունները 1990-ականներից սկսած մաս-մաս 1,8 միլիոնական ֆունտ ստեռլինգ են վճարել Իսպանիայի անվտանգության ծառայություններին, որոնք այնուհետև գումարը փոխանցել են մոդել, «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Բարբարա Ռեյին:

Նշվում է, որ գումարի փոխանցման ուղին փոխվել է այն բանից հետո, երբ 1996-2006 թվականներին Իսպանիայի վարչապետ Խոսե Մարիա Ազնարը հանդիպել է Repsol-ի ղեկավար Ռամոն Բլանկո Բալինին և խնդրել նրան իրեն փոխանցել միջոցները՝ հավաստիացնելով, որ մյուս ընկերությունները նույնպես վճարում են:

Այս պատմությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Էմիլիո Ալոնսո Մանգլանոն իր հուշերում պնդել է, որ Ռեյն իր և թագավոր Կառլոսի մասնակցությամբ տեսաերիզներ ունի և մեծ գումարներ է ստացել դրանք գաղտնի պահելու համար:

Ռեյը հերքել է, որ երբևէ գումար է ստացել Խուան Կառլոսից կամ նրա շրջապատից որևէ մեկից: Օրագրում նշված ընկերություններից ոչ մեկը չի մեկնաբանել տեղեկությունը:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է 2014-ին: