Netflix-ը հայտարարել է Ռուսաստանում ևս մեկ նախագիծ ստեղծելու մասին

Netflix-ը ևս մեկ նախագիծ կստեղծի Ռուսաստանում. խոսքը «Зато» քրեական բազմասերիանոց թրիլերի մասին է։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ փոխանցում է Ռիա Նովոստին։

Նոր սերիալի գործողությունները ծավալվելու են հետխորհրդային շրջանում։ Իրադարձությունների կենտրոնում կլինեն լրագրող Քրիստինան և ոստիկան Դաշկինը։ Նրանք հանձն են առնում Լոբաչովսկ-4 փակ քաղաքում անհետացած երեխայի հետաքննությունը։

Նախագծի ռեժիսորը Դարիա Ժուկն է, իսկ սցենարի հեղինակները՝ Միխայիլ Շպրիցը, Իլյա Շեյնը, Քսենյա Մչեդլիձեն։

«Երկար տարիներ մենք քննարկում էինք Միշա Շպրիցի հետ համատեղ աշխատելու հնարավորությունը: «Зато»-ն ի սկզբանե ինձ հոգեհարազատ էր իմաստներով, կերպարներով: Սրանք արտասովոր բարդ կերպարներ են և, առաջին հերթին, իհարկե, խարիզմատիկ գլխավոր հերոսը, և հետխորհրդային ժառանգության ուսումնասիրությունը»,- մեջբերում է Դարիա Ժուկի մամուլի ծառայությունը։

Գլխավոր դերերում հանդես կգան Անաստասիա Տալիզինան, Միխայիլ Տրոյնիկը, Պոլինա Կուտեպովան, Վիկտորյա Տոլստոգանովան, Մաքսիմ Ստոյանովը, Իվան Մուլինը, Իլյա Իսաևը, Իլյա Մալանինը, Եկատերինա Ագեևան։