«H2Օ» խորագրով ինտերակտիվ ցուցադրության հայտնի հյուրերն ու հետաքրքիր մանրամասները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis հայտնի բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում ոչ թե  հագուստի ցուցադրությունն էր, այլ  հայկական մշակույթի պահպանման կարևորության շեշտադրումը:  Իրականացմանը  անմիջական մասնակցություն է ունեցել նաև «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է։»,- ասում է Արևիկ Սիմոնյանը։

Դիզայները  Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր  8 սրահների: Յուրաքանչյուրը ներկայացված էր  մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն»  «Մեղսագործություն»,«Ցավ»,«Կորոստ», «Դատարկություն»:  Ու այնքան պատկերավոր էր այդ ամենը ներկայացված, որ հանդիսատեսը մուտք գործելով այդ սենյակներ միանգամից ընկալում էր, թե որ սրահում է:

«Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք է: Մարդը հավատք է: Իսկ Հայի ճանապարհը՝ միասինն է:  Ես ուզում եմ,որ այս  ցուցադրությունից հանդիսատեսը  դուրս գալիս, ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու  մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,- ասում է Արևիկը:

Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում:

«Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարևոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արևիկ Սիմոնյանը։

Ցուցահանդեսը կրում է H2O  խորագիրը, ջուր որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում  արցունք, ուրախանում ենք ունենում ենք արցունք: Լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Այս հավաքածուն  ստեղծելիս մենք փորձում էինք  այնպես մատուցել, որ հասկանային  գաղափարը:Սա  ավելի շատ զգայական ցուցահանդես  է,քան հագուստային»,- մանրամասնեց գաղափարի համահեղինակ, «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Եվ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ. Արևիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը: Արուսյակ Ստեփանյանն էլ ի թիվս այլնի նշեց, որ կապույտ և սպիտակ գույները հատուկ են ընտրված:

Ցուցադրությունը կներկայացվի ՌԴ-ում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: