Առաջնեկի ծննդից 13 տարի անց Արմուշն ու կինը սպասում են իրենց երրորդ երեխային

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։ Այս մասին հայտնում է Tert.am Life-ը։

Դերասանը միշտ շեշտում է, թե որքան է սիրում կնոջն ու ինչքան երախտապարտ է նրան։ Օրերս Լուսինեի տարեդարձն էր, դերասանն առիթը բաց չթողեց կնոջը սեր խոստովանելու համար․ «Ես այնքան երջանիկ եմ, որ Լուսինեն է իմ կինը, ինչքան էլ ասեմ՝ սիրում եմ, քիչ է: Հիմա առավել երջանիկ եմ, երբ սպասում ենք մեր երրորդ երեխային»:

45-ամյա դերասանը կատակեց, որ իրենք վեցուկես տարին մեկ երեխա են ունենում, մյուս բալիկին կունենան, երբ կդառնա 51 տարեկան։

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը: 2 տղայի ծնողներն այս անգամ աղջիկ են ունենալու ու անսահման երջանիկ են: «Միշտ երազել ենք աղջիկ ունենալու մասին։ Ոչ իմ, ոչ էլ Lուսինեի կողմում աղջիկ երեխա չկա։ Միշտ տղաներ են ծնվում։ Ես արդեն համակերպվել էի, որ մեր երրորդ երեխան էլ է տղա լինելու, երբ իմացա, որ աղջիկ է, շատ երջանկացա։ Պատկերացրեք՝ ինչպես ենք սիրելու իրեն, երկուսիս ցեղում էլ առաջին աղջիկն է։ Նոր շրջան է սկսվում»,- ոգևորությամբ ասաց դերասանը։

Արմուշի խոսքով՝ զգացողությունները շատ խառն են ու անսովոր։ Հասկանում է՝ տղաների  հայր լինելը մի բան է, աղջկանը՝ այլ։ «Հիմա մտածում ենք՝ ինչպես է լինելու։ Հասկանում ենք, որ աղջիկ երեխայի հետ ամեն բան փոխվում է վարվելակերպը, իր հետ շփման ձևը, մոտեցումը, նույնիսկ խոսակցական ձևը։ Ես տղաների հետ ավելի խիստ եմ, տղաներին պետք է ավելի ձիգ պահես, որքան էլ ընկերական ես, ոչ միշտ ես զիջող լինում, իսկ աղջկա մոտոցումը շատ ավելի նուրբ է, խստություն, կոպտություն չկա»,- Tert.am Life-ին ասաց նա։

Տանը նոր անդամ ունենալու լուրերին մեծ ոգևորությամբ են ընդունել նաև Արմուշի և Լուսինեի որդիները, թեև սեռի հարցում տարբեր նախնտրություններ ունեին։ 13-ամյա Դանին ուզում էր կրկին եղբայր ունենալ, 6-ամյա Էդուարդն ուզում էր քույր ունենալ։