Բրիտանական The Guardian էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է հայկական «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին՝ «Աբսուրդի հասնող հայկական երգիծանքն արհամարհում է Խորհրդային Ռուսաստանը» վերնագրով։ Գրում է VNews.am Culture-ը։
«Մենք ենք, մեր սարերը» կցուցադրվի Լոնդոնի «Cine Lumiere» կինոթատրոնի մեծ էկրաններին մայիսի 10-ին և Klassiki սթրիմինգային ծառայությամբ՝ սկսած մայիսի 10-ից։
Հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում ֆիլմի անզուգական, ուրախ և դառը, իրական լինելուն։
1969 թվականին նկարահանված ֆիլմի սցենարիստը հայ գրող Հրանտ Մաթևոսյանն է, որն ադապտացրել է իր իսկ վեպը, իսկ ռեժիսորը Հենրիկ Մալյանն է։ Առակ՝ իշխանության և պետության մասին։
Ֆիլմի սկիզբն ազդարարող շրջադարձը բավականին փայլուն է. հիանալի մոնտաժ 1960-ականներին տեղի ունեցած բոլոր դեպքերի՝ փոփ երաժշտություն, պար, սպորտ: Բայց այս ամենն ավարտվում է կտրուկ անցումով դեպի Հայկական լեռնաշխարհի լուռ գյուղական մի աշխարհ, որտեղ 4 հովիվ իրենց ծանր գոյությունն են ապահովում, ինչպես իրենց նախնիներն էին անում՝ Իշխանը՝ Ֆրունզիկ Մկրտչյան, Պավլեն՝ Խորեն Աբրահամյան, Ավագը՝ Ազատ Շերենց և Զավենը՝ Արմեն Այվազյան։
Հոդվածն անդրադարձել է ֆիլմի՝ խորամանկ և փիլիսոփայական հումոր ունենալուն, օրենքի` երգիծանք լինելուն։ Իսկ ոչխարներն էլ համարում է երկիմաստ խորհրդանիշ՝ արդյոք նրանք իշխանության պահանջած կոնֆորմիզմի համա՞ր են, թե՞ վայրի են, աննկուն ու անկառավարելի։