Time ամսագիրը ներկայացրել է տարվա ամենաազդեցիկ մարդկանց իր ավանդական ցուցակը։ Նրանցից հինգը հայտնվել են ամսագրի շապիկին՝ երգչուհի և դերասանուհի Զենդայան, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը, R&B-ի լեգենդ Մերի Ջեյ Բլայջը, Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին և դերասան Սիմու Լյուն, ով Մարվելի առաջին ասիական ֆիլմում մարմնավորել է սուպերհերոսի։
Քաղաքական գործիչների թվում 2022 թվականի 100 ազդեցիկ մարդկանց ցուցակում են Վլադիմիր Պուտինը, Վլադիմիր Զելենսկին, Ջո Բայդենը, Սի Ցզինպինը և այլք։ Չինաստանի ղեկավարն, ի դեպ, ընթացիկ վարկանիշի ռեկորդակիրն է՝ նա ցուցակում 13-րդ անգամ է հայտնվում։ Ռուսաստանի նախագահն ու Օփրա Ուինֆրին այս ցուցանիշով մի փոքր զիջում են նրան. երկուսն էլ հարյուրակում ներկայացված են 10-րդ անգամ։
Ռուսաստանցիներից ամսագրի վարկանիշում ընդգրկվել է նաև «Новая газета»-ի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովը։
Շոու-բիզնեսի աստղերից Time-ը ներառել է Ադելին, Միլա Կունիսին, Կիանու Ռիվզին, Փիթ Դևիդսոնին, Չենինգ Տատումին, Սառա Ջեսիկա Փարքերին, Քրիս Ջեներին և այլք։
Նորաձևության ոլորտն այս տարի այնքան էլ ընդարձակ չէ, սակայն վարկանիշում ներառված է Balenciaga-ի դիզայներ Դեմնա Գվասալիան։
Տղամարդիկ թվային առումով գերակշռում են ցուցակում, բայց ոչ շատ. հարյուրից 49 կին կա։ Վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցը 18-ամյա ֆրիսթայլիստ Էյլին Գուն է, ամենատարեցը՝ 91-ամյա նկարիչ Ֆեյթ Ռինգգոլդը։
Ըստ Time-ի՝ 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում էին Ալեքսեյ Նավալնին, Բիլի Այլիշը, Քեյթ Ուինսլեթը, Իլոն Մասկը, ինչպես նաև արքայազն Հարին և Մեգան Մարքլը, ովքեր հայտնվել են անցյալ տարվա համարի շապիկներից մեկում։