Մարիա Շարապովան ընդգրկվել է ամենահարուստ Self-Made կանանց վարկանիշում. Forbes

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ԱՄՆ-ի` սեփական ուժերով հաջողության հասած 100 ամենահարուստ կանանց ցուցակում զբաղեցրել է 97-րդ հորիզոնականը։ Self-Made Women-ի («Ինքնուրույն հարստացած կանայք»)  ցանկը կազմել է «Forbes»-ը։ Ցուցակի մասնակիցների ընդհանուր կարողությունը գնահատվում է 111 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 6%-ով նվազել է։

Մարիա Շարապովայի կարողությունը գնահատվում է 220 մլն դոլար։ Թենիսիստուհին սպորտից հեռանալու մասին հայտարարել է 2020 թվականի փետրվարին։ 2012-ին նա բացել է իր սեփական պրեմիում կոնֆետների բիզնեսը՝ Sugarpova-ն, իսկ 2014-ին ներդրումներ կատարել արագ զարգացող Supergoop արևապաշտպան քսուկների ապրանքանիշի մեջ և այժմ նրան պատկանում է ընկերության մոտ 10%-ը:

Ըստ աղբյուրի՝ Դայան Հենդրիքսը, ով իր հանգուցյալ ամուսնու հետ միասին հիմնել է տանիքների արտադրության ABC ընկերությունը, հինգերորդ տարին անընդմեջ գլխավորել է ցուցակը։ Նրա կարողությունն աճել է մինչև 12,2 միլիարդ դոլար, ինչը 1,2 միլիարդ դոլարով ավելի է անցյալ տարվա համեմատ:

Լավագույն եռյակում են նաև Ջուդի Ֆոլքները (Epic Systems, առողջապահական ծրագրային ապահովման ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր) և Ջուդի Լավը (Love’s Travel Stops & Country Stores-ի համահիմնադիրը):