Մալենան նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող 15–ամյա Մալենան: Այս մասին հայտնում է Tert.am Life-ը։

Նոյեմբերի 18-20-ը Մալենան միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքի հարցերով հասարակական խորհրդին։
«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների հետ, ովքեր այնքան բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների հետ, ովքեր իրենց առօրյան համատեղում են թիմ կազմելու հետ, վեր են հանում համայնքի խնդիրները, նախագիծ են գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքի կյանքը»,- ասաց Մալենան:

Նշենք, որ ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանի հետ աշխարհի 103 երկրում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: