Շակիրան մեկնաբանել է իր աղմկահարույց հիթը, որում, ենթադրաբար, Պիկեին մեղադրում է «Rolex-ը Casio-ի հետ փոխելու» համար

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան մեկնաբանել է իր նոր, մեծ աղմուկ հանած 53 երգը, որում, ըստ ենթադրությունների, աստղը քննադատում է նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիս Ժերար Պիկերին և նրա այժմյան ընկերուհուն:

Ինչպես գրում է Daily Mail-ը, թողարկումից հետո երգն անմիջապես հայտնվել է Spotify-ի  համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում և դարձել հարթակի պատմության մեջ մեկ օրվա ընթացքում ամենաշատ սթրիմներ ունեցող լատինական երգը:

45-ամյա Շակիրան այս նվաճման կապակցությամբ ինստագրամյան էջում գրել է, որ երգը «այն կանանց համար է, որոնք ոտքի են ելնում նրանց դեմ, ովքեր ստիպում են նրանց անկարևոր գալ»:

«Ես ուզում եմ գրկել միլիոնավոր կանանց, որոնք ընդվզում են նրանց դեմ, ովքեր ստիպում են մեզ անկարևոր  զգալ։ Կանայք, որոնք պաշտպանում են այն, ինչ զգում և մտածում են, և ձեռք են բարձրացնում, երբ համաձայն չեն, նրանք իմ ոգեշնչումն են», – գրել է Շակիրան:

Թեև երգում Պիկեի անունը չի նշվում, սոցցանցերի օգտատերերը վստահ են, որ խոսքը հենց նրա մասին է։ Երգը սկսվում է հետևյալ բառերով. «Կներես, ես արդեն այլ ինքնաթիռ եմ նստել։ Ես այստեղ չեմ վերադառնա, մեկ այլ հիասթափություն չեմ ուզում»։

Նաև երգում Շակիրան նշում է, որ ինքն արժե «երկու 22 տարեկան» և ավելացնում, որ արդեն «գերազանցել է» իր նախկին սիրեցյալին.«Ահա թե ինչու դու քո նման աղջկա հետ ես»: Նշենք, որ ներկայում Պիկեն 23-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում:

«Դու կարծում էիր, որ ինձ ցավեցնելու ես, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր: Դու այնքան ջանք ես գործադրում չեմպիոն երևալու համար, բայց երբ ես քո կարիքն ունեի, դու ցույց տվեցիր քո վատագույն կողմը: Ինձ նման գայլը քո նմանների համար չէ», – ասվումէ երգի տեքստում։

Երկրորդ տան վերջում Շակիրան նախկինին մաղթում է «ամենայն բարիք իր ենթադրյալ փոխարինողի հետ» և պնդում, որ Պիկեն «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։

«Բարսելոնա»-ի նախկին պաշտպանն արդեն հասցրել է արձագանքել վերջին տողին. նա  իսպանական Kings League-ի ուղիղ եթերին եկել է Casio ժամացույցով և հայտարարել, որ շահավետ հովանավորչական պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ։

«Այս ժամացույցը կծառայի ողջ կյանքի ընթացքում», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Շակիրան և Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո հունիսին հայտարարել են իրենց բաժանման մասին. նրանք ունեն երկու որդի՝ ինը տարեկան Միլանը և 7 տարեկան Սաշան: