Իլոն Մասկն ուժեղացրել է հոր տան անվտանգության համակարգն ու հարյուր թիկնապահ վարձել

Ամերիկացի գործարար Իլոն Մասկն ուժեղացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգն ու շուրջ 100 թիկնապահ վարձել։ Այս մասին, հղում անելով Sun թերթին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իլոնը որոշել է, որ իր հասցեին վերջերս հնչած սպառնալիքներից հետո ինձ ևս պաշտպանություն է հարկավոր։ Եթե նրանք առևանգեն մեզնից մեկին, դրանք կլինեն ամենաարագ 20 մլն դոլարները, որոնք երբևէ որևէ մեկն աշխատել է իր կյանքում»,- թերթի հետ զրույցում հայտարարել է միլիարդատիրոջ հայրը՝ Էրոլ Մասկը։

Նա ընդգծել է, որ նախորդ ամիս, մտավախություններից ելնելով, Իլոն Մասկը ՀԱՀ-ում գտնվող հոր տունը կահավորել էր տեսանկարահանման բարձրտեխնոլոգիական համակարգով և էլեկտրաֆիկացված դարպասներով, բացի այդ, անվտանգության զինված աշխատակիցներ է վարձակալել, որոնք շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Էրոլ Մասկը նշել է, որ ընդհանուր առմամբ տանը տեղադրված անվտանգության համակարգի արժեքը 14,6 հազար դոլար է կազմել։

Նախորդ տարվա դեկտեմբերին Մասկը հայտնել էր, որ անհայտ անձը հետապնդել է այն մեքենան, որտեղ գտնվել է իր երեխան, այնուհետև արգելափակել մեքենայի երթևեկությունն ու բարձրացել կապոտի վրա։

Մասկը ենթադրել է, որ տղամարդն այդպես է վարվել, քանի որ կարծել է, որ մեքենայում ինքն է գտնվում։ Մի քանի ժամ անց գործարարը տեսանյութ է հրապարակել՝ հարցադրում անելով, թե արդյոք որևէ մեկը ճանաչում է այնտեղ երևացող մեքենան կամ վարորդին։