Հոլիվուդյան դերասանները դադարեցրել են գործադուլը՝ 1 միլիարդ դոլարի համաձայնագրի հասնելուց հետո

Հոլիվուդյան կինոստուդիաները և շուրջ 160 000 դերասանների ներկայացնող SAG-AFTRA արհմիությունը համաձայնության են հասել՝ վերջ դնելու ամիսներ շարունակվող գործադուլին, որը կաթվածահար էր արել հեռուստատեսային արտադրության և ֆիլմարտադրության ոլորտները։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալության հրապարակումը։

Ըստ SAG-AFTRA-ի («Էկրանի դերասանների գիլդիա -հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիա») հայտարարության՝ արհմիության հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախնական համաձայնագրին, որի համաձայն՝ 118 օր շարունակվող գործադուլն ավարտվել է նոյեմբերի 9-ին, ժամը 00։01-ին:

Արհմիությունը հայտնել է, որ բանակցել է ավելի քան 1 միլիարդ դոլարի պայմանագրի շուրջ, որը ներառում է աննախադեպ սահմանափակումներ արհեստական բանականության օգնությամբ որևէ դերասանի արտաքինը վերարտադրելու համար, ինչպես նաև առաջին անգամ նախատեսում է պարգևավճարներ, որոնք պետք է վճարեն սթրիմինգային ծառայությունները՝ տվյալ շոուի կամ ֆիլմի դիտողականության հիման վրա։

SAG-AFTRA-ի խորհուրդը համաձայնագիրը նորից կքննարկի նոյեմբերի 10-ին։

Հոլիվուդյան սցենարիստները նույնպես գործադուլ էին անցկացնում, սակայն հոկտեմբերին նրանք համաձայնության էին եկել նոր պայմանագրի շուրջ, որը վերջ էր դրել նրանց 148-օրյա գործադուլին։  

Դերասանների հետ ձեռք բերված համաձայնությունը, ինչպես նաև այն, որ սցենարիստներն արդեն մեկ ամսից ավելի է՝ վերադարձել են աշխատանքի, նշանակում է, որ հեռուստաշոուների և ֆիլմերի արտադրությունը շուտով կվերսկսվի։

Սցենարիստների և դերասանների գործադուլները ոլորտին ահռելի վնաս են հասցրել, տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել։