Իրանցի հայտնի ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման և մտրակի հարվածների

Իրանցի ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, մտրակի հարվածների, տուգանքի և ունեցվածքի բռնագրավման, X սոցիալական ցանցում հայտնել է նրա փաստաբան Բաբակ Պաքնիան։ 

Ըստ փաստաբանի՝ ռեժիսորը բանտարկվել է հրապարակային հայտարարությունների և իր ստեղծած ֆիլմերի համար, որոնք, ըստ քննիչների, արվել են «երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու նպատակով»։

Ապրիլի վերջին փաստաբանը գրել էր, որ նկարահանող խումբը, նկարահանումներում ներգրավված դերասանները և անձամբ ռեժիսորը կանչվել են հարցաքննության, նրանց արգելվել է լքել երկիրը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել առանց արտոնագրի նկարահանումներ կատարելու համար։ Բացի այդ, դերասանուհիներին մեղադրել են հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։

Մոհամմադ Ռասուլոֆան նախկինում դատապարտվել է ազատազրկման։ 2010 թվականին դատարանը նրան մեկ տարվա ազատազրկման է դատապարտել անօրինական նկարահանումների համար։ Նա նաև բանտում է եղել 2022-ից 2023 թվականներին, երբ դատապարտվել է Իրանի իշխանությունների հասցեին քննադատական մեկնաբանությունների համար։

Մոհամմադ Ռասուլոֆը բազմիցս դարձել է կինոմրցանակների դափնեկիր և հավակնորդ ինչպես Իրանում, այնպես էլ եվրոպական երկրներում։ 2020 թվականին Բեռլինի կինոփառատոնում նա ստացել է «Ոսկե արջ»՝ մահապատժի մասին «Չարը գոյություն չունի» ֆիլմի համար։ 2024 թվականի մայիսին ռեժիսորի նոր՝ «Սրբազան թզի սերմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում։