Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարը ժամանել է Շվեդիա՝ «Եվրատեսիլ»-ում Իսրայելի պատվիրակության անվտանգությունը համակարգելու համար

Իսրայելի անվտանգության ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բահրը ժամանել է Շվեդիայի Մալմյո քաղաք՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Իսրայելի պատվիրակության անվտանգությունը համակարգելու համար։

The Times of Israel-ը գրում է, որ երկրի անվտանգության ծառայությունները վախենում են սադրանքներից իրենց ներկայացուցիչ Էդեն Գոլանի դեմ, և նրա անվտանգությունն ուժեղացվել է։

Նախօրեին հաղորդվել էր, որ Մալմյո քաղաքում, որն այս տարի հյուրընկալում է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը, անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում։ 

Երեքշաբթի՝ առաջին կիսաեզրափակչի օրը, հարյուրավոր իրավապահներ տեխնիկայով հերթապահում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող դիտակետերում, իսկ համերգասրահի շուրջ տանիքներին նկատվել են կահավորված դիտակետեր և կրակակետեր։

Մալմյոյում տեղի ոստիկանությանը օգնելու համար ժամանել են գործընկերներ Դանիայից և Նորվեգիայից։

Համերգասրահի շուրջ տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ, որոնց միջոցով մշտադիտարկում են իրականացնում ոստիկանության համապատասխան աշխատողները։

Համերգասրահ մուտք գործելու համար հանդիսատեսը պետք է խիստ զննում անցնի:

Ավելի վաղ որոշ ահաբեկչական խմբավորումներ հայտարարել են, որ կարող են ահաբեկչություն իրականացնել «Եվրատեսիլ»-ի ընթացքում՝ պատճառաբանելով երգի մրցույթին Իսրայելի մասնակցությունը: