Կայացել է «Նոր ալիք» մրցույթի ազգային փուլը. հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Մոսկվայում կայանալիք հաջորդ փուլին

Կայացել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթի ազգային փուլը, որի արդյունքում ընտրվել են երկու մասնակիցներ՝ Անահիտ Հակոբյանը և Մովսես Մովսիսյանը, որոնք մասնակցելու են Մոսկվայում կայանալիք հաջորդ փուլին և ֆինալիստներից մեկը Սոչիում ներկայացնելու է Հայաստանը: Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները: 

Ազգային փուլին մասնակցել են շուրջ 30 մասնակիցներ, որոնց մի մասը ներկայանում էր հեղինակային երգերով, որոնց էլ ժյուրին նախապատվություն էր տալիս:

Ժյուրիի կազմում էին Ալեքսանդ Ռևզինը, Ավետ Բարսեղյանը, Սյուզաննա Թովմասյանը և «Նոր ալիք» մրցույթի նախորդ տարիների հայաստանյան պատվիրակները, մասնավորապես՝ Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Սոնա Շահգելդյանը և Սարո Գևորգյանը: 

«Այսօր ժյուրիի կազմում են հայ արտիստներ, որոնք ժամանակին այսպես կանգնած էին բեմում, բայց այսօր նրանք ժյուրիի դերում են:Լսելով իրենց կենդանի կատարումները կարող եմ ասել՝ արտիստներն աշխատում  են իրենց վրա: Անդրադառնալով մասնակիցներին ես ուզում եմ նշել՝ մենք ունենք իսկապես տաղանդավոր արտիստներ, որոնք կարող են պատվով ներկայացնել իրենց երկիրը նման մրցույթում»,- նշել է Ալեքսանդր Ռևզինը: