«Շնորհակալություն Սևան». Ամենամյա երաժշտական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 3-ին և 4-ին

Մաքուր ու սառը օդ, քաղաքի տապից կտրված զով եղանակ, թարմ շունչ և, իհարկե, լավ երաժշտություն: Երիտասարդներ, ովքեր կտրվում են առօրյա հոգսերից ու համատեղում հանգիստը հաճելիի հետ: «Շնորհակալություն Սևան». հետևյալ կարգախոսն է կրում արդեն 5-րդ անգամ իրականացվող երաժշտական փառատոնը, որն, ի դեպ, արդեն 2 տարի է, ինչ ստացել է միջազգային ստատուս:

«Արդեն 5-րդ տարին է, ինչ Սևանում կազմակերպվում է երաժշտական այս փառատոնը. Վերջինիս ուղղվածությունն ու նպատակն է սկսնակ ու ոչ սկսնակ  երաժիշտներին տրամադրել հարթակ՝ իրար հետ երաժշտության լեզվով շփվելու համար:  Սակայն, վստահ կարող եմ ասել, որ փառատոնի գերնպատակն ու գերխնդիրը բնապահպանությունն է. ուզում ենք ձևավորել վերաբերմունք Սևանա լճի նկատմամբ. Այդ իսկ պատճառով էլ ընտրել ենք կարգախոս՝ «Շնորհակալություն Սևան. եկեք փոխվենք երաժշտությամբ»: Փառատոնը օգոստոսի 3-ին կկայանա հանրային լողափում, իսկ 2-րդ օրը Սևան քաղաքում:»,- ShowBiz.am հետ զրույցում ասաց փառատոնի հաղորդավար, նաև՝ կազմակերպչական հարցերով զբաղվով դերասան Արման Խաչատրյանը,- և ոգևորությամբ հավելեց, որ այս տարի իրենց է միացել նաև ՀՀ վարչապետը:

Փառատոնին սովորաբար մասնակցում և նվագում են ամենատարբեր երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Նախորդ տարիներին երաժշտական համարներով են ներկայացել հայտնի բենդեր նաև Ռուսաստանից և Ֆրանսիայից: Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած այս փառատոնն ամեն տարի կայացել է միայն մեկ օր՝ օգոստոսի 10-ին կամ 11-ին, սակայն այս անգամ փառատոնը լինելու է 2 օր՝ օգոստոսի 3-ին ու 4-ին:

Խոսելով երաժշտական ուղղվածության մասին՝ պարզ դարձավ, որ հիմնական շեշտադրումը ռոք երաժշտությունն է, այս անգամ 2-րդ օրը  լինելու է նաև ֆոլկ երաժշտություն: Լինելու են ամենատարբեր բենդեր, և նա մեծ ոգևորությամբ նշեց, որ արտերկրից հենց նրանք են ցանկություն և կամք հայտնում փառատոնին մասնակցելու:

Ի դեպ, օնլայն հարթակում հայտարարված են նաև վիդեո չելլենջներ, որտեղ կարող են մասնակցել ինչպես հայտնի մարդիկ, այնպես էլ ճիշտ հակառակը: Վիդեո տարբերակում յուրաքանչյուրն իր շնորհակալությունն է հայտնում և նշում, թե ինչու է շնորհակալ Սևանին. «Օրինակ, ես ասւմ եմ շնորհակալություն Սևան , որ դու կաս և հայաստանյան իրականությունում հորիզոնը զարդարում ես կապույտի բազմահազար երանգներով: Շնորհակալություն, որ այդքան սիրուն ես  և մեզ պարգևում ես գեղագիտական հաճույք»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց Արմանը:

Այսպիսով՝ օգոստոսի 3-ին և 4-ին երիտասարդական մեծ տոն է լինելու գեղագիտական Սևանում, որն արդեն 5-րդ անգամ է, ինչ կայանում է: Նպատակն է պահպանել բնապահպանությունն ու մաքրությունը, գնահատել Սևանի գեղեցկությունն ու, իհարկե, այս ամենն ուղեկցվելու է հաճելի երաժշտության և ամենատարբեր բենդերի հետ:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի

Լուսանկարները տրամադրել է Արման Խաչատրյանը