Եղիսաբեթ 2-րդի մեծ թոռը կաթի գովազդում է նկարահանվել, ինչը սկանդալ է առաջացրել

Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռը` Փիթեր Ֆիլիպսը, մասնակցել է կաթի գովազդի նկարահանումներին: Տեսանյութը նկարահանել է չինական հեռուստաընկերությունը․ այս մասին հայտնել է Daily Mail պարբերականը:

Այսպիսով` գովազդային գլխավոր լուսանկարում 42-ամյա Ֆիլիպսը նստած է շքեղ մարգագետնում` առանձնատան դիմաց` ձեռքին կաթով լի բաժակ:

«Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Փիթեր Ֆիլիպսը»,- չինարեն գրված է լուսանկարի վրա:
Տեսանյութում Ֆիլիպսը պատմում է, որ իրեն ջերսի ցեղատեսակի կովերի կաթով են մեծացրել:

Դեռևս գովազդային ընկերությունը չի հասցրել Ֆիլիպսի հետ համատեղ աշխատանքի պտուղները քաղել, երբ մեծ սկանդալ է բռնկվել գովազդի շուրջ: Լուսանկարում Եղիսաբեթ 2-րդի թոռան` հետևի ֆոնին պատկերված առանձնատան սեփականատերերը հայտարարել են, որ թույլտվություն չեն տրամադրել, որ գովազդում իրենց անշարժ գույքն օգտագործվի:

Իսկ բրիտանական լրատվամիջոցներն էլ գրել են, որ Փիթեր Ֆիլիպսը թագավորական տիտղոսներ չունի, իսկ գովազդում շեշտվում է նրա` թագավորական ընտանիքին պատկանելու փաստը։