Կվերադառնա՞ Խաչատրյանը ժամանակակից մշակույթ. Forbes Life-ի անդրադարձը «Սուսերով պարին»

Հունվարի 30-ից ռուսաստանյան մեծ էկրաններին է մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքի մասին պատմող ֆիլմը՝ «Սուսերով պարը»: Forbes Life-ը ֆիլմի մասին իր անդրադարձում պատմում է, թե ինչու է հանճարի և չարագործության հավերժ կոնֆլիկտը այսօր ակտուալ թվում քան երբևէ:
ShowBiz-ը անդրադարձը ձեզ է ներկայացնում ամբողջական թարգմանությամբ՝ առանց կրճատումների:

1942 թվական: Ռազմական էվակուացիայի մեջ գտնվող Պերմ քաղաքի փոքրիկ ու սառը հյուրանոցային համարներից մեկի մահճակալին գլխարկով և վերարկուով պառկած, խոցային հիվանդությունով տառապող Արամ Խաչատրյանը գրեց 20-րդ դարի երաժշտական ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որն իր ազդեցությունը թողեց երաժշտության հետագա զարգացման վրա ու միավորեց անհամատեղելի երևույթները՝ հայկական հարսանեկան երգերն ու սուպերժամանակակից ջազային ռիթմերը, որոնք հնչում էին այդ երաժշտական ուղղության սիմվոլ հանդիսացող սաքսոֆոնից:

Մի քանի տարի անց «Սուսերով պարից» խենթացող ամերիկացիները 1948 թվականը կհռչակեն Խաչատրյանի տարի, ինքը կոմպոզիտորը կշրջի ողջ աշխարհով՝ դիրիժորելով սեփական երաժշտության համերգները, իսկ սովետական երաժշտությունը հերթական անգամ կհիացնի ողջ աշխարհի ունկնդիրներին: Այդ ամենը ի շնորհիվ, իսկ ավելի ճիշտ՝ ի հեճուկս այն բոլոր իրադարձությունների, որոնք տեղի կունենան ռազմական թիկունքում, պատերազմի երկրորդ տարում: Պատերազմ և ջազ, վիրավոր զինվորներ ու էլեգանտ պարողներ, սաքսոֆոն և զինվորական երգեր. կյանքում և ֆիլմում ամեն ինչ իրար էր խառնվել:

Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» հայ-ռուսական նախագիծը, որն իրականացավ երկու երկրների մշակույթի նախարարությունների աջակցությամբ և Ռուբեն Դիշդիշյանի պրոդյուսերությամբ, պատմում է այն մասին, թե ինչպես 8 ժամում ստեղծվեց հեղինակին համաշխարհային փառքի արժանացրած ստեղծագործությունը: Այս ֆիլմը նաև սիրո խոստովանություն է Հայաստանին, որի հետ համեմատած ռազմական Մոլոտովը (1940 – 1957 թթ անվանափոխված Պերմը) իսկական դժոխք էր՝ լցված սառնությամբ, հիվանդություններով, զրկանքներով, նախանձով և չարությամբ:

Հայաստանն այդ պարադիգմում դրախտ է, դա մանկությունն է (չնայած, որ կոմպոզիտորը ծնվել էր Թիֆլիսում, հայ ընտանիքում ու իր մեջ մի քանի երկրների երաժշտական ավանդույթների կրողն էր), արևը, ցնցող գեղեցկության բնապատկերները, Խոր Վիրապի վանքն ու Արարատ լեռը՝ կորած դրախտ, որը հայերը կարոտում և չեն կարողանում մոռանալ: Երկու աշխարհների հակադրումը կարմիր թելով անցնում է ողջ ֆիլմի ընթացքում: Հայաստանը ոչ միայն կոմպոզիտորի ստեղծագործությունների մշակութային հիմքն էր, այլև ներքին ցավի աղբյուր՝ իր ազգի ու նրա ճակատագրի համար:

«Մենք թողել ենք մեր տներն ու մեր պապերի գերեզմանները, մեր թիկունքից քարեր ու փամփուշտներ էին նետվում, այսօր մեզանից յուրաքանչյուրը ապրում է նրանց փոխարեն, ում սպանել են ու դու պե՛տք է հիշես դա» – սա առաջին պատգամն էր, որ ստանում է պատանի Արամը՝ հայացքը տխրությամբ դեպի սուրբ լեռը սևեռած ալեհեր ծերունուց: Այս պատգամը կոմպոզիտորը կտանի իր ողջ կյանքի ընթացքում՝ նվիրելով իր Երկրորդ սիմֆոնիան 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությանը: «Ախր հրեաների ոչնչացումը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հնարավոր դարձավ հենց այն պատճառով, որ 1915 թվականին ողջ աշխարհը լուռ էր» – ասում է գլխավոր հերոսը:

Խաչատրյանն այս ֆիլմում հայի և ստեղծագործողի կերպարն է (կոմպոզիտորի կենսագրությունը ոչ միշտ է համապատասխանում գեղարվեստական սյուժեին՝ չնայած այն պնդմանը, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա): Նա հանճար է բառի բուն իմաստով՝ անտարբեր առօրյա գոյության հանդեպ, ով երաժշտության մասին զրուցում է հոգիների հետ (մահացած ծերունին հայտնվում է, որպեսզի քննարկի Խաչատրյանի ստեղծագործություններն իր հետ):

Իր «հեռանալը» Հայաստանից, կոմպոզիտորի համար ամփոփվել է մեկ ձայնի մեջ՝ գնացքի ձայնի, որն ընդամենը երկու ակորդից էր բաղկացած: Հետագայում հենց այն է հիմք հանդիսանում հանրահայտ ստեղծագործության ստեղծման համար:

«Սուսերով պարը» «Գայանե» բալետի ավարտական և չպլանավորված գլուխգործոցն է, որը Խաչատրյանը պատերազմի ընթացքում Ուրալում բեմադրում էր էվակուացված Լենինգրադի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի թատերախմբի հետ (այն սովետական տարիներին վերանվանվեց Մարիինյան թատրոն): Բալետի պարուհիները սովից ուշագնաց էին լինում բեմի վրա, կոմպոզիտորը հիվանդությունից տանջվելով հազիվ էր քայլում, հիվանդանոցներում պառկած էին հոգեպես և ֆիզիկապես ծանր վիրավորված զինվորները, իսկ նրանք, ովքեր նոր էին մեկնում ռազմաճակատ, ցանկանում էին իրենց հետ գոնե մի փոքր գեղեցկություն տանել, գնացքի մեկնումից առաջ գալիս էին դիտելու ներկայացման փորձերը, որում Սովետական Հայաստանի բամբակի դաշտերից շատ հեռու ու այդ շրջանի բալետի համար բավականին ժամանակակից գործողություններ էին կատարվում:

Ու եթե ոչ ցուրտը, ոչ սովը չէին կարող կոտրել Խաչատրյանին, ապա իր երաժշտոության վրա կատարվող ուղղումները ներկայացման փորձերի ընթացքում, ստիպում էին կոմպոզիտորին ուղիղ իմաստով կորցնել գիտակցությունը. «Ինչու՞ եք կտրում իմ երաժշտությունը» – բղավում է նա ու դուրս վազում Պերմի Օպերայի և բալետի թատրոնից, որտեղ ընթանում էին բալետի նախապատրաստական աշխատանքները:

Այդ նյարդային լարված մթնոլորտում, որտեղ պատրաստվում են մոտալուտ պրեմիերային, հայտնվում է քաղաքային գործադիր կոմիտեի մշակութային գործիչ Պուշկովը, ով ակնհայտ կեղծ տեղեկություններ էր փնտրում Խաչատրյանի մասին ու երևի անկեղծորեն կարծում էր, որ նրա երաշժտությունը կարող է կասկածելի քաղաքական տողատակեր պարունակել:

Շատ շուտով պարզվում է, որ Պուշկովի քայլերի շարժառիթները ավելի անձնական են: Լինելով Արամի համակուրսեցին՝ նա նույնպես երազում էր կոմպոզիտոր դառնալու մասին, բայց չուներ բավականաչափ տաղանդ: Այս մարդն իր նախանձով և չարությամբ այրում ու ոչնչացնում է այն ամենը, ինչ շրջապատում է մաեստրոյին՝ կոտրում է կոմպոզիտորին սիրահարված բալետի գլխավոր հերոսի դերակատարուհի Սաշենկա Տրետյեկովայի սիրտը, հատուկ մարդ է ուղարկում, որը պիտի կեղծ տվյալներ գտներ և հրահրեր կոմպոզիտորին: Բայց ճակատագրի դաժան հեգնանքով հենց Պուշկովի շնորհիվ է կոմպոզիտորն արժանանում փառքի: Ցանկանալով վերջին հարվածը հասցնել Խաչատրյանին՝ մշակութային գործիչը հայտարարում է. «Կարծում եմ, բալետի վերջում ևս մեկ պար է պակասում»: Ընդամենը 8 ժամվա ընթացքում Խաչատրյանը գրում է իրեն ողջ աշխարհում ճանաչում բերող «Սուսերով պարը»:

Հանճարի և չարագործության պայքարը այնքան դասական ու այնքան ժամանակակից է, որ հնարավոր չի լինի մեղադրել ֆիլմի հեղինակներին սյուժետային կարծրատիպերի մեջ: Չէ՞ որ ամեն մի Խաչատրյանի համար՝ կլասիկ թե ժամանակակից, կգտնվի իր Պուշկովը, ով նախանձից դրդված կօգտագործի իր գործիքները, որպեսզի ոչնչացնի իրեն գիշերները հանգիստ չտվող տաղանդն ու այն կրողին: Ֆիլմի ավարտը կոմպոզիտորի հաղթանակն է՝ փաստավավերագրական կինոնկարներով ու լուսանկարներով, Խաչատրյանի միջազգային պրեմիերաների մասին գովազդային վահանակների ու թերթերի նկարներով, որոնք ապացուցում են, որ իրական տաղանդին չեն վախեցնի ո՛չ նախանձը և ո՛չ էլ թշնամիները, քանզի նա ի զորու է արարել ի հեճուկս հանգամանքների:

Մաեստրոյի կյանքի վերջնակետը երաժշտությունն է, որը կարողանում է հիացնել ողջ աշխարհի մարդկանց ու դա միայն «Սուսերով պարը» չէ, այլև Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված վալսը կամ «Սպարտակ» բալետը, որոնք մեր մշակույթի անքակտելի գանձերն են: Երեք սիմֆոնիաների, երեք բալետների ու փողային նվագախմբերի և դաշնամուրի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Խաչատրյանը գրում էր այնպիսի երաժշտություն, որն իր ուժով, կրքով և հզորությամբ կարող էր համեմատվել միգուցե միայն Սերգեյ Ռախմանինովի երաժշտության հետ: Խորհրդային իշխանությունների կողմից գնահատված, ստալինյան ու պետական հնարավոր բոլոր մրցանակներին ու կոչումներին արժանացած Խաչատրյանը այսօր փոքր-ինչ մոռացված է՝ համեմատած նույն Ռախմանինովի հետ: Առանձնացնելով քաղաքականությունը տաղանդից, հույս ունենք, որ «Սուսերով պարը» կդառնա կոմպոզիտորի արժանի վերադարձի սկիզբը դեպի ռուսական ժամանակակից մշակույթ: