Դերասան Լեռնիկ Հարությունյանը նոր առաջարկների, թատրոնի, կինոյի մասին և ոչ միայն - Showbiz.am

Դերասան Լեռնիկ Հարությունյանը նոր առաջարկների, թատրոնի, կինոյի մասին և ոչ միայն

By

Լեռնիկ Հարությունյանը, ով ներկայումս նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, զուգահեռ հանդես է գալիս թատրոնում և հասցնում է նաև ուրախացնել իր հավատարիմ հանդիսատեսին։

ShowBiz.am-ը զրուցել է ճանաչված դերասանի հետ՝ քննարկելով իր տասնյակ ֆիլմերն ու նախագծերը, անդրադարձել «Անհասցե ծնվածները» սերիալում իր դերին, դրա վերաբերյալ բացասական կարծիքներին, ինչպես նաև նոր ու հետաքրքիր առաջարկներին։

— Դուք հանդես եք գալիս և’ թատրոնում, և’ կինոյում․ հետաքրքիր է՝ ո՞րն է ավելի հոգեհարազատ և սիրելի։

— Կինոն և թատրոնը բավականին տարբեր արվեստներ են, իհարկե ընդհանուր կապ ունեն, բայց միևնույն ժամանակ տարբեր բևեռներում են, բայց երկուսն էլ իմն են, երկուսն էլ սիրում եմ ու վերաբերվում յուրովի։

— Իսկ դերերի հետ կապված՝ ավելի լուրջ դերերն եք նախընտրում, թե՞ մի փոքր թեթև, ինչու չէ՝ նաև հումորայինները։

— Ինձ համար բոլոր դերերն էլ լուրջ են և ոչ պակաս կարևոր։ Ամենափոքրիկ դերն էլ ունի իր նրբությունն ու ճիշտ խաղալու արվեստը։ Շատ է եղել, երբ փոքրիկ, էպիզոդիկ դեր եմ ստացել, բայց դրա համար երևի երկու օր չեմ քնել։

— Ինչպե՞ս է ստացվում լուրջ դերերից հետո անցում կատարել սերիալային, առօրեական դերերին։

— Գիտեք ինչպե՞ս է ստացվում, ուղղակի լուրջ դերերից հետո միանգամից դուրս ենք գալիս այդ դաշտից, չենք մնում դրա ազդեցության տակ և անցում ենք կատարում նորին։ Հասկանում ենք, որ դա աշխատանք է, որը մեր կյանքի մի մասն է դարձել, և որ ոչ մի դեր հավերժ չէ։

— Լուրեր են պտտվում, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որում այժմ նկարահանվում եք, մոտենում է իր ավարտին․ ի՞նչ տվեց այն Ձեզ և ինչպե՞ս ընդունվեց Ձեր դերը հեռուստադիտողի կողմից։

— Ավարտին մոտենալու փաստը դեռ միանշանակ չէ և մենք դեռ վերջնական եզրահանգման չենք եկել։ Իսկ ինչ վերաբերում է իմ հակասական կերպարին, ապա հասարակության մի շերտը այն ընդունեց, ինչու չէ՝ նաև սիրեց, իսկ մի մասն էլ չափացանց անհանդուրժող գտնվեց։ Ինձ թվում է, որ դա բնական է, ինձ համար էլ սպասելի էին այդպիսի արձագանքները։ Իմ հերոսը իմ իրական եսի հետ բացարձակապես կապ չունի։ Կերտում եմ բացասական կերպար և դրան վերաբերում եմ որպես աշխատանքի։ Սակայն ի զարմանս ինձ՝ դերը շատերի կողմից էլ սիրվեց, ինձ հաճախ են գրում, փորձում են Լեռնոյին արդարացնել։

— «Անհասցե ծնվածները» սերիալում միշտ առաջնորդվում եք սցենարով, թե՞ նաև իմպրովիզներ եք անում։

— Հիմնականում սցենարով եմ առաջնորդվում, բայց դե իմպրովիզներից էլ խուսափել չի լինում, սակայն դրանք շատ քիչ մասն են կազմում։

— Զագահեռ նոր դերերում հանդես գալու առաջարկներ ստացե՞լ եք։

— Նոր առաջարկների դեռևս սպասում եմ։ Մի առաջարկ ունեմ «Մոսֆիլմ»-ից և ևս մեկը մի վրացական նախագծից։ Երկուսն էլ ֆիլմեր են, այնպես որ տեսնենք՝ ինչ կստացվի։

— Թատրոնում նոր ներկայացումներ սպասվո՞ւմ են, նորություններ ունե՞ք։

— Նոր բեմադրություն ունենք, որն արդեն խաղում ենք․ «Ռիչարդ երրորդ»-ը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» պիեսն է, որը բավականին ստացված է, ես հավանում եմ։

— Այս շրջանում բավականին ծանրաբեռնված եք՝ հեռուստասերիալ, թատրոն․ հանգստին հասցնո՞ւմ եք ժամանակ տրամադրել, ինչպե՞ս եք դասավորում Ձեր գրաֆիկը։

— Օրվա վերջում, աշխատանքից հետո միայն կարողանում եմ ազատ ժամանակ գտնել ու դա հիմնականում գիշերվա 12-1-ի կողմերն է լինում։ Բայց ես չեմ բողոքում, այդ ակտիվ, մշտապես շարժման մեջ գտնվելու վիճակը ես շատ եմ սիրում, ես դրանից բավականություն եմ ստանում։

— Հանդիսատեսի կողմից առանձնահատուկ տպավորվեց Ձեր դերը «Սպիտակ» ֆիլմում․ բավականին ծանր ու հույզերով հարուստ դեր էր, կասեք՝ այն ինչ ազդեցություն թողեց Ձեր վրա և ինչ-որ կերպ փոխե՞ց Ձեր ներաշխարհը։

— «Սպիտակ» ֆիլմում ի սկզբանե դերս էպիզոդիկ էր, մասնակցեցի քասթինգին երկրորդական դերի համար։ Սակայն երբ նկարահանումները սկսվեցին, և ես խաղացի իմ փոքրիկ դերը, այդ պահին նկարահանումները դադարեցվեցին, ես չհասկացա, թե ինչ կատարվեց, միայն երեկոյան ինձ հայտնեցին, որ գլխավոր դերն իմն է։ Իրոք անսպասելի էր, կարելի է ասել՝ շոկի մեջ էի։
Նկարահանումներն ուղղակի աննկարագրելի են անցել, այդ 24 օրը ես իմ կերպարից դուրս չեմ եկել, քանի որ կերպարի ծանրությունն այնքան մեծ էր, որ վախենում էի մի բան այնպես չանել։ Իրոք ապրել եմ իմ հերոսի ողբերգությունը, ներաշխարհս տակնուվրա էր եղել։ Երկրաշարժի ժամանակ այդքան էլ մեծ չեմ եղել ու երևի չէի էլ հասկանում, թե ինչ է այն։ Այս ֆիլմի ընթացքում կատարյալ հասկացա ու պատկերացրի, թե ինչ ցավ է ապրել իմ ժողովուրդը, ինչ սարսափի միջով է անցել․․․

— Կկարողանա՞ք Ձեր հարուստ փորձից առանձնացել մի դեր, որն իրոք առանձնահատուկ է եղել Ձեզ համար և որը սիրով ու կարոտով եք հիշում։

— Կա այդպիսի դեր։ Սունդուկյան թատրոնում ունեինք «Արծվաբույն» ներկայացում, որը յոթ զինվորի, ղարաբաղցի տատիկի և լրագրողուհու մասին էր։ Դերիս անունը Մարգար էր, ով թնդանոթաձիգ էր։ Շատ-շատ եմ սիրում այդ կերպարը, չգիտեմ էլ ինչն է պատճառը, ի դեպ ներկայացման մեջ բոլորս ենք սիրել մեր կերպարներին ու ընդհանուր բեմադրությունը։ Վառ ու լավ հիշողություններ կան կապված դրա հետ։

Դերասան Լեռնիկ Հարությունյանը նշում է, որ այնուամենայնիվ իր բոլոր դերերն է սիրում ու նվիրվում մինչև վերջ, քանի որ միայն այդ դեպքում հանդիսատեսն ու հեռուստադիտողը կհավատա ու կընդունի իրենց՝ դառնալով հավատարիմ երկրպագու և սպասող։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

«Gucci»-ի կարմիր խնձորներով նոր հավաքածուն․ այն նվիրված է չինական Վալենտինի օրվան

Իտալական «Gucci» ապրանքանիշը ներկայացրել է պայուսակների, հագուստի, կոշիկների և փոքրիկ աքսեսուարների մի հավաքածու, որը ոգեշնչված է Չինաստանում նշվող Սիրահարների...
Ավելին