Անի Քրիստին վերադառնում է երգարվեստ

Երգչուհի Անի Քրիստին տևական ժամանակ է՝ բնակվում է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում ու չի երևում հեռուստաէկրաններին, սակայն Showbiz.am կայքի հետ զրույցում երգչուհին կիսվել է ուրախալի նորությամբ. նա վերադառնում է երգարվեստ և շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը:
Մեզ հետ զրույցում երգչուհին խոսել է նաև մայրանալու երազանքի ու ամենացավոտ կորստի մասին, ինչն էլ նրա հոգում արթնացրեց երգելու ցանկությունը:

Երկրպագուներին սպասվող ամենակարևոր նորության մասին

Այս տարի կվերադառնամ երգարվեստ, որովհետև հիմա հոգիս այդպես է ուզում։
Երևի տատիկիս կորուստն ինչ-որ բան իմ հոգում արթնացրեց ու ես կվերադառնամ հենց այն երգով, որն իրեն եմ նվիրել։
Երբեք չէի մտածի, որ երգարվեստ վերադառնալս կլինի այսպիսի տխուր նոտայով։ Մոտ ամիսների ընթացքում տեսահոլովակն ու երգը պատրաստ կլինեն։

Ցավոտ կորստի մասին

15 տարեկանից մեծացել եմ տատիկիս հետ։ Իմ անցումային, բարդ տարիքն ընկավ տատիկիս ուսերին։ Այդ ժամանակ շատ-շատ բաներ եմ նրանից սովորել, եթե թվարկեմ էջերը չեն հերիքի։ Ցավոք սրտի, ինքն այլևս չկա, ու իր բացակայությունը մեծ ցավ է բոլորիս համար։ Հիմա շատ ժամանակ՝ օրվա ընթացքում, առօրյա հարցերում նրան ավելի հաճախ եմ հիշում, քան այն ժամանակ, երբ նա դեռ ողջ էր։

Հայաստան վերադառնալու ցանկությունը

Իմ մտքերում ու ծրագրերում միշտ կա Հայաստանը։
Հիշու՞մ եք՝ տարիներ առաջ մեր հայրիկները խոպան էին գնում, հիմա բոլորիս մոտ այդ իրավիճակն է. գնալ երկրից դուրս՝ բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։
Ես այսպես կբնութագրեմ մեր բոլորի բացակայությունը Հայաստանից։

 

Կարիերա-ընտանիք հակամարտություն

Ես կարիերիստ չեմ։ Ինձ շատ էին ասում՝ ինչու՞ չեմ երգում, ինչպե՞ս կարող է ինձ նման երգչուհին չերգել. մասամբ համաձայն եմ, բայց ես կյանքում միապաղաղություն չեմ սիրում։ Մարդ պետք է լողա կյանքի հարթություններում, անընդհատ չի կարող մնալ նույն տեղում։ Ես չեմ կարող ասել ցավոք, թե՞ բարեբախտաբար,  բայց ընտրել եմ կյանքի դպրոցը։ Եվ սրանից հետևություն, որ ես երբեք չեմ տուժել, այլ կարիերան է տուժել։
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին՝ կհրաժարվեմ կարիերայիցս հանուն ընտանիքի, ապա ասեմ, որ ես երգում եմ, երբ սիրտս ու հոգիս ուզում են, ու եթե ինձ դրանից պետք է ինչ-որ մեկը զրկի, ես չեմ հարմարվի։

Լինել միայնակ մայր, թե սպասել այն միակին

Ինձ թվում է կանանց 98 %-ի մոտ կան այդ մայրական զգացողությունները դեռ ծննդից. նրանք սկսում են իրենց սերը տալ տիկնիկներին, կենդանիներին ու մի գեղեցիկ օր մայրանում են և իրենց ողջ սերն անմնացորդ նվիրում են բալիկներին։  Ես էլ վստահ եմ, որ բացառություն չեմ կազմի:
Միայնակ մայրերին վերաբերվում եմ շատ մեծ հարգանքով, որովհետև լինել և՛ հայր, և՛ մայր, ու ճիշտ դաստիարակել երեխային՝ մեծ հերոսություն է։ Բայց ես ավելի շատ կյանքում կենտրոնացած եմ կին և տղամարդ զույգի լավ ընկերության հիմունքներն ավելի ճիշտ դնելու վրա, որոնցից հետո նոր պետք է լինեն սիրո պտուղները. սա է ընտանիքի իմ մոդելը։

Մայրանալու երազանքը

Ցավոք սրտի, դեռ չեմ պատրաստվում մայրանալ։ Այս հարցի հետ կապված ունեմ շատ մեծ համբերություն, և շատ ուրախ եմ, որ մինչ այս տարիքը չեմ ունեցել երեխա, որովհետև երեխային դաստիարակելու համար մարդ ինքն իրեն պետք է հասկանա։

Սովորաբար, մեզ մոտ հակառակն է. երիտասարդ տարիքում ունենում են երեխաներ, ովքեր իրենց հետ մեծանում են՝ ընկնելով կյանքի ելևէջների մեջ ու ստանալով սխալ դաստիարակություն։
Դրա համար ես համբերատար սպասում եմ՝ երբ պետք է գա այն օրը, որ ես մայրիկ դառնամ ու վստահ եմ, որ շատ լավ մամա կլինեմ՝ թե՛ միայնակ, թե՛ զույգով։
Ամեն ինչ կանեմ, որ լինեմ լավագույնը. այսպիսի երազանք ունեմ։

Կոտրելով երեխա դաստիարակելու նախկին սկզբունքները

Ինձ թվում է՝ կգա ժամանակ, որ մեր երեխաները մեզ կդաստիարակեն, բայց հույս ունեմ, որ այդքան հետ չեմ ընկնի կյանքից։
Վստահ եմ, որ եկող սերունդը բավականին խելացի կլինի, ու դեռ մենք բաներ կունենանք նրանցից սովորելու։

Չեմ ցանկանա դաստիարակել երեխաներիս այնպես, ինչպես տատիկս է դաստիարակել ինձ, որովհետև այդ դաստիարակության մեջ ինչ-որ ստիպողական բաներ կային,որոնք շատ դեպքերում կարող են խարխլել տրամաբանությունն ու հոգեբանությունը։ Ու ես ունեմ հիմա այդպիսի դժվարություններ։

«Ամոթ է, ամոթ է, ամոթ է»,- չեմ ցանկանա այս խոսքերը լսեն երեխաներս։
Ամոթ ասելով՝ նրանք պետք է հասկանան անարգելը մեծին, չաշխատելը, չկարդալը, չսովորելը, կարիքավորին չօգնելը, ոչ թե այն կիսագրագետ հարևանի կարծիքը, ով նայում է քո կրած կիսաշրջազգեստի երկարությանը։

Հիշելով իր մանկությունը

Մայրիկիս հետ ապրել եմ մինչև 15 տարեկան ու շատ բաներ եմ նրանից սովորել։ Պետք է նշեմ, որ նա շատ խիստ կին էր։ Երբ ես ու եղբայրս որոշում էինք գնալ բակ խաղալու, միշտ իրար վրա էինք գցում, թե ով պետք է մայրիկից թույլտվություն խնդրի։ Այսինքն՝ հայրիկի բացակայության դեպքում նա և՛ հայր էր, և՛ մայր։ Հիմա զգում եմ, որ իմ ուժեղ և քաջ լինելուն նպաստել է մայրիկի դաստիարակությունը։

Տղամարդու իդեալը

Չէի ցանկանա պատասխանել պրիմիտիվ, ինչպես որ կպատասխանեի երիտասարդ տարիքում: Այն, որ պետք է լինի շռայլ, բարի՝ արդեն մեր տարիքում հասկանալի է։
Հիմա ինձ թվում է, որ ես շատ-շատ եմ խորացել, չնայած համաձայն եմ, որ իդեալական ոչինչ չկա այս կյանքում, բայց չեմ էլ ուզում որոշումներ կայացնել ուղղակի կայացնելու համար։ Տղամարդու ամենակարևոր հատկանիշը ընկեր լինելն է։

Անցյալի սխալները

Իմ կյանքում բոլոր ճիշտ ու սխալ տարիներին չեմ նայում բացասաբար, որովհետև կարծում եմ, որ այդ ամենը եղավ, որպեսզի ես դառնայի այն մարդը, որը հիմա կամ։

Եթե ինձ տրվեր կյանքը կրկին ապրելու հնարավորություն, ապա ոչինչ չէի փոխի. կապրեի այն նույն մարդկանց հետ, որոնց հետ ապրել եմ և պայծառ աչքերով ու մտքերով կնայեի ապագային՝ տեսնելու, թե այնտեղ ինչ կա։

Ամենամեծ թերությունը

Ես բավականին էմոցիոնալ եմ։ Իմ աշխատանքում՝ երգում, դա ամեն ինչ գեղեցկացնում է, բայց կյանքում այն ինձ շատ է խանգարում, որովհետև մեկ-մեկ ես շատ անիմաստ երևույթների, իրավիճակների վրա եմ ծախսում իմ էմոցիոնալիզմը։

Դատարկ բաների վրա էմոցիաները ծախսելու փոխարեն, ես կարող էի դա ներդնել իմ արվեստում և ավելի մեծ բարձունքների հասնել։

Կնոջ երջանկության բանաձևը

Գենետիկա, հոգու մաքրություն և կողակցի հետ ներդաշնակություն։ Այդ դեպքում կինը կծաղկի և գնալով կգեղեցկանա:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան