«Այն, ինչ ես երազել եմ 25 տարեկանում, չի կատարվել». Լալա Մնացականյանը՝ սիրո, կարիերայի և ընտանիքի մասին - showbiz.am

«Այն, ինչ ես երազել եմ 25 տարեկանում, չի կատարվել». Լալա Մնացականյանը՝ սիրո, կարիերայի և ընտանիքի մասին

By

Հատուկ իր ընթերցողների համար Showbiz.am – ը ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ: Կանանց միամսյակին նվիրված հարցազրույցների շարքի այսօրվա հերոսուհին հայտնի ու սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն է: Այս անգամ բացահայտել ենք տիկին Մնացականյանի կարծիքը տարատեսակ հետաքրքիր հարցերի շուրջ և ստացել նրանից կյանքի համար շատ կարևոր խորհուրդներ:

 

Մեր և այլ երկրներում բնակվող կանաց մասին.

«Շատ կարևոր է, թե կինը որտեղ է ծնվել: Քաղաքակիրթ ու զարգացած երկրներում կինը գնահատված է, նա արժևորված է և ունի իր տեղը: Մեզ մոտ մի փոքր այլ է. այստեղ կնոջ կյանքում պայքարն ու խոչընդոտներն ավելի շատ են»:

Մանկության մասին.

«Իմ ողջ մակությունը լուսավոր է եղել, որովհետև մանկությունն այն շրջանն է, երբ դու ոչ մի պատասխանատվություն չես կրում, ունես շատ իրավունքներ ու չունես պարտականություններ: Այդ իսկ պատճառով էլ, մանկությունը՝ ինչպիսին էլ որ այն լինի՝ մթի, սովի կամ պատերազմի տարիներին, թե բարեկեցիկ պայմաններում՝ մանկությունը լուսավոր կետ է մարդու հիշողության մեջ»:

Առաջին ծաղկեփնջի և նվերի մասին.

«Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, ռոմանտիզմից զուրկ եմ, այդ իսկ պատճառով էլ չեմ հիշում, թե երբ եմ իմ կյանքում առաջին անգամ ծաղիկներ ստացել: Առհասարակ, ծաղկեփունջը, որպես սիրո դրսևորում, չեմ ընկալում: Այ, առաջին նվերս հիշում եմ: Ես այդ ժամանակ երևի 4 տարեկան էի, գուցե ավելի փոքր: Քույրիկներիս հետ տուն մտանք ու տեսանք, որ մեր ծնողները մեզ համար նվերներ էին գնել ու դրանք դասավորել սեղանի վրա: Ամբողջ սեղանը արկղերով նվերներ էին ու մենք չէինք հասկանում թե ինչու ենք առանց հատուկ առիթի միանգամից այքան շատ նվերների արժանացել, որովհետև ոչ Նոր Տարի էր, ոչ մեզանից մեկի ծննդյան օրն էր: Մինչև հիմա պարզ հիշում եմ այդ օրն ու տեսարանը»:

Սիրո մասին.

«Սիրել` նշանակում է մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Դա իրականում շատ դժվար բան է, որովհետև մենք նույնիսկ ինքներս մեզ չենք կարողանում ընդունել այնպես, ինչպես որ կանք: Սիրել կարողանալու համար պետք է կարողանաս առաջին հերթին սիրել քեզ, սա էգոիզմի հետ կապ չունի: Այն մարդը, ով իրեն չի սիրում, դիմացինին երբեք չի կարող սիրել: Սիրել՝ նշանակում է ընդունել: Եթե ես ինձ ընդունել եմ այս արտաքինով, այս դեմքով, այս մտածելակերպով ու բնավորությամբ, ուրեմն դիմացինին էլ կարող եմ ընդունել»:

Այլ մասնագիտություն ընտրելու մասին.

«Եթե ես չդառնայի դերասանուհի, ապա հոգեբան կդառնայի»:

Գլխավոր հաջողության մասին.

«Իմ կյանքում շատ հաջողություններ ունեմ, բայց ամեն ինչ սկսվել է այն ընտանիքից, որտեղ ես ծնվել եմ, և ամենամեծ հաջողությունը այն ծնողներն են, որոնք ես ունեցել եմ: Իմ հետագա հաջողությունների հիմքն արդեն դրվել էր, քանի որ ծնվել էի այդպիսի ընտանիքում ու մեծացել սիրո և առողջ մթնոլորտում: Նրանց շնորհիվ իմ մեջ ընտանիքի, ընկերության, աշխատանքի և արարելու արժեքները բավական բարձր հիմքերի վրա են դրված»:

Ընտանեկան ավանդույթների և սովորությունների մասին.

«Միշտ չեմ հասկացել, թե ինչ ասել է ընտանեկան ավանդույթ: Օրինակ, մենք սիրում ենք ընտանիքով հավաքվել, միասին տոնել Նոր Տարին, ծնունդները. արդյո՞ք դա կարելի է ավանդույթ համարել: Կարծում եմ, որ դրանք ավելի շատ հաճելի սովորություններ են: Ես մի քիչ խուսափում եմ այդպիսի բառեր օգտագործելուց, քանի որ դրանք շատ մեծ պատասխանատվություն են ենթադրում: Մենք չունենք ընտանեկան ավանդույթների կարծրատիպեր»:

25 տարեկան հասակում ունեցած երազանքների մասին.

«Այն, ինչ ես երազել եմ 25 տարեկանում, չի կատարվել: Դրա համար ես հասկացել եմ, որ երազանքները փուչ բաներ են: Երազել՝  նշանակում է ոչինչ չիրագործել, իսկ ցանկություն ունենալն արդեն այլ է: Ցանկությունը քայլ է: Այն ամենն ինչին ես հասել եմ ու իրագործել՝ ցանկություններ են եղել, քանի որ ես դրանց իրագործման համար քայլեր էի ձեռնարկում, իսկ երազանքների դեպքում դու ոչ մի գործողության չես դիմում»:

Երեխաների դաստիարակության բարդությունները.

«Երեխաների դաստիարակության մեջ ամենադժվարը այն պահն է, երբ նրանք սկսում են իրենց կարծիքը հայտնել, որի հետ դու համաձայն չես, տեսնում ես, որ երեխադ սխալ է, բայց դու պետք է այնպես անես, որ ինքը և՛ կարողանա գնալ իր ճանապարհով, և՛ շատ ուժեղ չսայթաքի: Իմ բախտը բերել է իմ աղջկա հարցում, և ես նրան միշտ ասում եմ, որ եթե քեզ նման երեխա կունենաս՝ տասը երեխա ունեցիր: Մենք մեր դստեր հետ չենք ունեցել նման խնդիրներ, նա երբեք բարդ երեխա չի եղել»:

Երջանիկ ընտանեկան կյանքի մասին.

«Ընտանեկան երջանկության բանալին այն է, երբ որոշում ես չփոխել դիմացինին: Մեր բոլորի դժվարությունները սկսում են այն ժամանակ, երբ ինքներս չփոխվելով՝ որոշում ենք, որ դիմացինը պետք է լինի այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում նրան տեսնել: Մարդուն պետք է սիրել այնպիսին, ինչպիսին ինքը կա ու չփոխել նրան, որովհետև ոչ-ոք չգիտի, թե դիմացինին փոխելուց հետո արդյո՞ք կշարունակի սիրել այդ մարդուն․ չէ՞ որ չգիտես թե ինչպիսին նա կդառնա: Եվ վերջապես, դու սիրել ես այդ մարդուն այնպիսին, ինչպիսին նա առաջ եղել է»:

Փոփոխությունների մասին.

«Կյանքը հիմնովին փոխվում է, երբ մարդը մեծ սթրեսս է ապրում: Այդ ժամանակ մարդը գնում է կամ դեպի լավը, կամ դեպի վատը: Մարդը կամ սկսում է փնտրել ու փորձել հասկանալ, թե ինչու՞ այդպես եղավ, կամ չարանում է ու որոշում մեղադրել բոլորին: Իմ պարագայում, ես որոշում կայացրեցի հասկանալ, թե ինչու՞ այդպես եղավ»:

Տարիքի մասին.

«Ես հիմա այն տարիքում եմ, որ արժևորում եմ կյանքն ու մարդկանց»:

Կյանքը ևս մեկ անգամ ապրելու հնարավորության մասին.

«Եթե նորից սկսեի կյանքս, երբեք չէի ցանկանա ապրել նույն կյանքը: Մենք միշտ ասում ենք, որ երիտասարդությունը լավ է ու այդ տարիքում հեշտ է ապրել , բայց իրականում երիտասարդ տարիքում շատ ավելի դժվար ու ծանր է, քան հետո: Այս խելքով երիտասարդ լինել էլ չէի ուզենա, որովհետև այդ տարիքին հատուկ խենթությունները այս խելքով չէի անի: Իսկ երբ հիշում եմ այն ամենն ինչի միջով ստիպված եմ եղել անցնել, վստահ եմ, որ չէի ցանկանա ևս մեկ անգամ վերապրել»:

Ներողամտության մասին.

«Ինձ շատ քիչ բաներ կարող են վիրավորել: Ես շուտ չեմ վիրավորվում, որովհետև հիմնականում հասկանում եմ, թե մարդիկ ինչու այդպես վարվեցին: Ծայրահեղ դեպքում ուղղակի հեռանում եմ այդ մարդկանցից ու չեմ շփվում, բայց նրանք չեն կարող ինձ խոցել մինչև հոգու խորքը: Մենք ինքներս մեզ շատ հարցերում ու շատ հաճախ ենք ներում, իսկ եթե ես ներողամիտ եմ ինքս իմ հանդեպ, ուրեմն ինձ կարող եմ շռայլություն թույլ տալ ու ներողամիտ լինել դիմացինի հանդեպ»:

Ընտանիք կազմելու լավագույն ժամանակը.

«Երիտասարդ աղջիկներին խորհուրդ կտամ ճիշտ գնահատել իրենց, կայանան իրենց մասնագիտության մեջ և դրանից հետո միայն կայացած մարդու հետ կապել իրենց կյանքը: Երկու կայացած մարդկանց ստեղծած ընտանիքը ուրիշ է լինում, նրանց երեխան լրիվ ուրիշ է լինում: Չամուսնանալը մեզ մոտ դարձրել են ողբերգություն և մեր հասարակության մեջ ընդունված է մտածել, որ կինը կայանում է որպես կին, երբ ամուսնանում է ու ընտանիք է կազմում, բայց հաշվի չեն առնում, թե ինչ ընտանիք: Ես ամուսնացել եմ արդեն կայացած լինելով, և այն, որ իմ ընտանիքը չքայքայվեց՝ ոչ միայն իմ ամուսնու ներդրումն էր, այլ նաև իմը, որովհետև ես արդեն հասուն ու կայացած մարդ էի ու հասկանում էի, որ ամեն չնչին բանի համար չարժե զոհասեղանի վրա դնել ընտանիքը: Իսկ երբ մարդը կայացած չէ ու իր արժեքը չգիտի՝ դիմացինը նունպես նրան չի գնահատի: Մարդը պետք է իրեն դրսևորի որպես անհատ և հետո արդեն, որպես ընտանիքի կին կամ տղամարդ»:

Շնորհակալ լինելու և ամեն մի մարդուց սովորելու կարևորությունը.

«Ամենից շատ շնորհակալ եմ ծնողներիս: Անչափ․․․ Իրենց եմ պարտական առողջ ու ճիշտ կերպով երեխա դաստիարակելու ունակության համար: Շնորհակալ եմ, որ այդպիսի ամուսին ու աղջիկ ունեմ: Շնորհակալ եմ, որ այդպիսի քույրիկներ ունեմ: Շնորհակալ եմ փեսայիս, հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս և իմ թոռնիկին`էվային, որ նա իմ կյանքում կա: Ես հասկացել եմ, որ գոյություն չունեն վատ և լավ մարդիկ: Այդ մարդը գալիս է քեզ ինչ-որ բան ասելու, խելոք ես՝ լսիր: Ինչպես ասում են. «Ականջ ունես՝ ապագա ունես »: Նա քեզ ինչ-որ բան է ուզում հասկացնել, հնարավոր է նա կոպիտ ձևով է դա քեզ ասում, բայց նա եկել է քեզ հասկացնելու համար: Մենք որոշում ենք, որ այդ մարդը եկել է մեզ ցավ պատճառելու, իսկ ես գտնում եմ, որ այդ մարդը եկել է ինձ դեպի ճիշտ ճանապարհը ուղղորդելու: Ես իմ վերաբերմունքը փոխել եմ կյանքի հանդեպ, որովհետև մարդիկ չեն փոխվում, բայց երբ դու մարդու հանդեպ այլ վերաբերմունք ես դրսևորում, բնականաբար, ամեն ինչ փոխվում է: Հեշտ է ասելը, բայց այդ գիտակցմանը գալու և, որ ամենակարևորն է, դա կիրառելու համար մի ամբողջ կյանք կարող է պահանջվել»:

Անփոփոխ համոզմունքի մասին.

«Ես հավատում եմ, որ մինչև վերջին շունչս կպաշտեմ իմ աղջկան ու դա երբեք չի փոխվի: Ես կանխավ նրան ամեն բան ներել եմ: Այն մարդկանց, ում ես շատ սիրում եմ, կանխավ ներել եմ, ինչ էլ որ նրանք կանեն»:

Կարիերան և ընտանիքը համատեղելու բարդությունները.

«Մեզ մոտ կարիերան մի փոքր վատ բան են համարում ու երբ ուզում են վիրավորել կնջը, նրան կարիերիստկա են անվանում: Բայց ո՞վ է ասել, որ ամեն կնոջ համար պետք է ընտանիքը լինի միակ կարևորությունը: Միգուցե՞ նա ներքին մղում ունի հասնել իր մասնագիտության ամենաբարձր կետին ու դա է իր նպատակը: Իրականում, դժվար է համատեղել ընտանիքն ու կարիերան, բայց ես կարողացա: Ես միշտ հիշում եմ հարևանուհուս խոսքերը, ով մի անգամ շատ լուրջ նայեց ինձ ու ասաց. «Գիտե՞ս ինչ, դու միլիոնից մեկն ես»։ Ես հարցրի թե ինչու՞, իսկ նա պատասխանեց. «Բա դու ո՞նց ես կարողանում էնպես անել, որ և՛ տանդ ամեն ինչ լավ լինի, և՛ աշխատանքումդ»: Ես հիմա եմ հասկանում, որ այնքան եմ սիրել իմ աշխատանքը, որ ընտանեկան խնդիրների պատճառով աշխատանքում խնդիրներ ունենալու վախը ինձ ստիպում էր ամեն ինչ անթերի անել: Ես ինձ մեղավոր կզգայի, որ իմ երեխան սոված կամ կեղտոտ լիներ, եթե իմ ընտանիքը տգեղ ու վատ ապրեր ու քանի որ դրա պատճառով կարող էր տուժել իմ աշխատանքը, ես ամեն բան անում էի՝ նույնիսկ իմ հնարավորություններից առավել: Իսկապես, ինձ համար աշխատանքն ու ընտանիքը կշեռքի հավասար նժարների վրա են եղել: Բայց, եթե Աստված չաներ, վտանգվեր իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի առողջությունը, իմ աչքին արդեն ոչինչ չէր երևա»:

Կանանց թույլ լինելու մասին.

«Ես չեմ ուզում մարդու ուժեղ կամ թույլ լինելը վերագրել նրանց սեռին: Հիմա շատ տարածված է օգտագործել «կանացի երջանկություն» արտահայտությունը և դա վերագրել տղամարդու լավ վերաբերմունքին: Մարդիկ կարծում են, որ կինը կարող է երջանիկ լինել միայն, երբ նրա տղամարդն իրեն լավ է վերաբերվում, իսկ եթե ոչ, ապա դժբախտ է: Մենք չպետք է կապենք մեր երջանկությունը մեկ այլ մարդու քմահաճույքից ու ցանկությունից: Ես գտնում եմ, քանի որ կանանց է բնությունից տրված սերունդ տալը, նրանք ավելի պինդ են: Կինը տարբերակ չունի դժգոհելու, քանի որ պետք է ուժեղ լինի, որ մեծացնի իր սերունդը: Ի վերջո, համոզված եմ, որ ավելի ուժեղ է այն մարդը, ով ավելի շատ կարող է ներել, իսկ կանանց դա ավելի է տրված»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս». ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը մայր է դարձել: Ժամեր առաջ Գոհարն Ինստագրամում իր սթորիների միջոցով հետևորդներին հայտնել էր, որ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»․ Սրբուհի Ավանեսյանը՝ մոդելային ու դերասանական կարիերայի, նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկության ու կարանտինի մասին

Դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը հայտնի դարձավ «Մոր խոստումն» ու «Սիրուն Սոնա» հեռուսատասերիալներից ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցի...
Ավելին