Մարգարիտա Սիմոնյանը հարուստներին կոչ է արել բժշկական պարագաներ գնել և ուղարկել հիվանդանոցներ

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հարուստ մարդկանց կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության ձեռք մեկնել, բժշկական պարագաներ գնել և ուղարկել հիվանդանոցներին։ Նման հայտարարությամբ Սիմոնյանը հանդես է եկել Ինստագրամում։

«Հարգելի հարուստներ, համաճարակը դեռ չի սկսվել, սակայն քաղաքային հիվանդանոցներում արդեն վերջանում են ախտահանման միջոցների, մեկանգամյա օգտագործման խալաթների, դիմակների, ձեռնոցների, պաշտպանիչ հանդերձների տարեկան պաշարները»,- գրել է Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ վերոնշյալ իրերի ձեռքբերումը ներկայում հեշտ չէ, սակայն մեծ գումարների դիմաց անհնարին չէ։

«Այս տարրական իրերով մեկ քաղաքային հիվանդանոցի ապահովելը կարժենա մոտ 5 մլն ռուբլի։ Գրեք մեզ, թե որ հիվանդանոցին եք օգնել, ինչ եք ուղարկել: Մենք կհրապարակենք, դուք օրինակ կդառնաք մյուսների համար։ Այսպիսի պահերին բարեգործությունը պետք է վարակիչ լինի»,- գրել է Սիմոնյանը՝ հավելելով. «Եկեք վարակենք բարությամբ, և ոչ թե վիրուսով»։