Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին բուժաշխատողներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով կապահովի

Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում ծրագրում է Beauty United բրենդի հետ նվիրատվություն կատարել առողջապահության աշխատակիցներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ապահովելու համար: Երիտասարդ միլիարդատիրուհին այս մասին Ինստագրամ սոցկայքում իր պաշտոնական էջի Stories բաժնում է հայտնել։

«Մենք անչափ շնորհակալ ենք այն հերոսներին, որոնք իրենց կյանքը վտանգում են մերը փրկելու համար»,- գրել է Քայլի Ջենները՝ երկրպագուներին կոչ անելով ևս նվիրատվություն անել։

Նշվում է, որ «բյութի» բրենդների մի շարք հիմնադիրներ, այդ թվում՝ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, դիմահարդարներ Շարլոթ Թիրբերին, Բոբի Բրաունը, Հուդա Քաթանն իրենց սոցկայքային հարթակներն օգտագործում են կորոնավիրուսի կանխարգելման համար պայքարի մասնակիցներին աջակցելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քայլի Ջենները երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի: Նա Forbes-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում առաջին անգամ հայտնվել էր 2019 թվականի մարտին՝ 21 տարեկանում։