«Սա է իմ տեսակի շարժիչը»․ Արաքսյա Մելիքյանը՝ Մեդինայի կերպարի, դադարեցված նախագծերի ու այլ թեմաների մասին

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն ու իր ընտանիքի անդամները, ինչպես մեր երկրի ու աշխարհի բնակչության մեծ մասն, այժմ իրենց առօրյան անցկացնում են տնային մեկուսացման պայմաններում։ Նա ամուսնու՝ Անդրանիկ Զաքարյանի, ու իրենց երկու երեխաների հետ միասին երեկոյան նույնպես դիտում են «Անատոլիական պատմություն» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ ամուսինները նկարահանվել են ու կերտել իրար հետ կապ չունեցող, բայց շատ հետաքրքիր կերպարներ։ Արաքսյա Մելիքյանը մարմնավորել է կիսով չափ թրքուհի Մեդինայի կերպարը, որը շատ արագ սիրվեց հեռուստադիտողների կողմից, քանի որ նա ազնիվ, կամային ու նվիրված կնոջ կերպար է։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նկարահանումների ընթացքի, այս ընթացքում դադարեցված նախագծերի, իր կերպարի առանձնահատկությունների, իր ու Մեդինայի նմանությունների ու տարբերությունների, հայաստանյան կինոյի ու թատրոնի որակի ու իր երազանքների մասին։

Կորոնավիրուսի համավարակի իրավիճակի պատճառով թատրոնից բաժանվելու ու դադարեցված նախագծերի մասին․

Երբեք չէի մտածի, որ այս վիրուսը այնքան զորեղ է, որ կբաժանի մեզ բեմից, հանդիսատեսից։ Ես բեմում եմ եղել, երբ ջերմությունս հասել է 40 աստիճանի, երբ հոգեկան ծանր ցնցումների մեջ եմ եղել, երբ անգամ հղիության վերջին շրջաններն էին, երբ անգամ փոքրիկ նորածինն էր կուլիսում ինձ սպասում։ Ու այդպես շատ անգամներ, բայց որ ինչ-որ անտեսանելի չարիք կբաժանի մեզ բեմից, երբեք չէի կարող կանխատեսել։ Ընթացիկ սերիալների կրկնօրինակումները դադարեցվեցին։ Թերևս միայն գովազդային հոլովակներում ձայն կարդալու աշխատանքը մնաց ժամանակ առ ժամանակ ակտուալ։

«Անատոլիական պատմություն» ֆիլմում խաղալու առաջարկի մասին․ 

«Անատոլիական պատմություն» հեռուսատանովելում խաղալու առաջարկը ստացա Հրաչ Քեշիշյանից: Մեդինան բացառիկ դերերից էր, որը ստացա առանց քասթինգի։ Քեշիշյանի ասելով՝ ինձ Մեդինայի կերպարում արդեն տեսել էր իմ էջում տեղադրված մի ֆոտոշարքում, իսկ փորձելու կարիք չուներ, որովհետև վստահում էր, որպես դերասանուհի։ Իհարկե, նախապատրաստական աշխատանքներ կատարվել էին սեղանի շուրջ, ուստի նկարահանման հրապարակ գնացինք մեծ մասն արդեն իսկ կատարած։

Դերասանական ու նկարահանող ահռելի կազմի հետ հետաքրքիր աշխատանքի ու բարդությունների մասին․

Աշխատեցինք իրոք արհեստավարժ, պատրաստակամ մի թիմի հետ, որի կարիքն ունի ցանկացած ստեղծագործող անհատ, երբ նկարահանման հրապարակում դու մտածում ես միայն ու միայն կերպարիդ մասին։ Նման աշխատանքի մեջ դու պատասխանատու ես զգում քեզ քո ամեն մի քայլի համար, այլ կերպ ասած` սայթաքելու տեղ չի մնում։ Դերասանական կազմը ինձ շատ հարազատ էր, ոմանց հետ աշխատել եմ տարբեր նախագծերում, ոմանց հետ թատրոնի բեմերում, իսկ հենց անմիջական խաղընկերս`Խաչատրյան Անդրանիկը համակուրսեցիս ու 15 տարվա թատրոնի խաղընկերս է։ Բացահայտում էր Սերժ Ավետիքյանը, ում հետ առաջին անգամ էի աշխատում․․․ Անխոս, սովորելու շատ բան կար։ Նկարահանումներն անցել են ջերմ մթնոլորտում, կարելի է ասել՝ անհամբեր էի, թե երբ պիտի գնամ հաջորդ նկարահանմանը։ Իմ միակ չսիրած բանը, որից ես վարկյան առաջ ազատվում էի, հսկայական բարձրակրունկներն էին, որոնք կես կատակ, կես լուրջ՝ ինձ անհրաժեշտ էին խաղընկերոջս գոնե ուսին հասնելու համար:

Մեծ ֆինանսները՝ ոչ միշտ լավ ֆիլմարտադրության գրավական․

Գիտեք, կարծում եմ ֆինանսները պարզապես պետք է ճիշտ օգտագործել։ Կադրի գիտակ մարդը անմիջապես հասկանում է՝ ինչից ինչ կարելի է ստանալ և հակառակը։ Հնարավոր է ֆիլմում անընդհատ փող ծախսվի, բայց այդպես էլ չհասկացվի, որ այդ սպասքը օրինակ Villeroy & Boch-ից է, թե պարզապես հասարակ մի բաժակ։ Կարծում եմ՝ պետք է բարձր վարձատրել դերասանին և պահանջել նրանից առավելագույնը, ոչ թե «էսքանի մեջ տեղավորվի», հետո էլ գուցե ստանաք «էդքանի մեջ տեղավորած» որակ։ Հետո դերասանը վարժվում է, որ ինչ անի չանի մեկ է, նույն մաղի տակով է անցնում ու սկսվում է մասնագիտական անտարբերություն, որն էլ կարծում եմ վերջն է․․․ Այդտեղից սկսած է՛լ պետք չէ շարունակել։

Հայ և թուրք ծնողների դուստր Մեդինայի, նրա՝ 2 ազգությունները կրելու և գիտակցելու մասին․

Նախ ասեմ, որ Մեդինային անմիջապես սիրել եմ ու եթե անկեղծ, շատ ջանք չեմ գործադրել նրա գույներն իմ մեջ փնտրելու համար՝ դրանք պարզապես թանձր երանգներով արդեն կային իմ գունապնակում։ Մեդինան արդեն երիտասարդ աղջնակ չէ, կայացած գործարար է իր մասնագիտության մեջ, բայց կարծում եմ, դեռ երազում է կայանալ, որպես սիրված կին։ Դեմիրի՝ արդեն ինչ-որ տեղ փորձված ու կայացած կերպարը ընտանեկան խաղաղության գրավականն է և ի վերջո մեծ է Մեդինայի հայ մոր գործոնը, որը միշտ խոչընդոտել է նրան ընտրության հարցում։

Կերպարի հետ բնավորության նմանությունների ու տարբերությունների մասին․

Կազմակերպվածությունը, վճռականությունը, անմնացորդ սեր տալու պատրաստակամությունը, թիկունք լինելու ձիրքը՝ սրանք են թերևս նմանությունները։ Իսկ այդ աստիճան ծնողահպատակ նվիրյա՞լ․․․ թերևս ես չէի կարող, ուրեմն այսստեղից եզրակացություն՝ Մեդինան խենթ չէ, իսկ Արաքսը հաստատ «խենթության նոպաներ» ունի:

Կիսով չափ թուրք կնոջ կերպարի մեջ մտնելու բարդությունների ու Մեդինայի կերպարի առանձնահատկությունների մասին․

Սեղանի շուրջ աշխատանքի ժամանակ փորձում էինք գտնել խոսքի ծանրությունը, ես ավելի թեթև եմ խոսում ու էներգիայով լի, իսկ Մեդինան՝ կարծում էինք, որ ոչ`ավելի հավաստի ու ծանրակշիռ։ Նաև շարժումները՝ ես խոսքիս պես եմ շարժվում՝ շատ ու ժեստախառը, իսկ կիսաթրքուհիս`մտածված ու զուսպ։ Իսկ արտաքինի մեջ բարդություն էր, դե իհարկե ծանր շպարը։ Ես`Արաքսս հեռու եմ այդ աստիճանի շպարվելուց, բայց դիմահարդարն ու ռեժիսորը գտան, որ այս անգամ դա կլինի թրքուհուն ընդգծելու ևս մի ձև։ Նրանք ճիշտ էին, դրանից հայացքս էլ էր փոխվել՝ ի նպաստ կերպարիս:

Հայաստանյան ֆիլմարտադրության ու թատրոններում բեմադրվող ներկայացումների այժմյան որակի ու զարգացման տենդենցների մասին․

Ես վստահ եմ, որ կյանքից կհեռանամ որպես անհույս երազող, որովհետև իմ երազանքները անընդհատ կատարվելու և թարմանալու հատկություն ունեն, ու դրանց ծանր նժարն ընկնում է թատրոնի և կինոյի ուսերին։ Ես չեմ դադարում նախանձով նայել արտասահմանյան արտադրության ֆիլմերն ու ներկայացումները և դերասանին տրված հնարավորություններին։ Մենք պիտի շա՜տ քայլենք, ի՞նչ քայլել, վազել է պետք, բայց խնդիրները շատ են ու առաջինը հենց մեր գլխում ու մտածելակերպում։ Չկամության այս շրջանում դժվար էլ գցված սերմերը ծիլ տան։ Տա Աստված, ես հավատում եմ, գոնե քչերին հաջողվի չկոտրվել ու ընթանալ առաջ։ Միայն անմնացորդ սերը կփրկի մեզ՝ ոչ ծիծաղելի ֆինանսները, ոչ անփառունակ դափնիները, ոչ վարկաբեկված կոչումները, ոչ անհեռանկար կարճաժամկետ ճանաչումը․․․ Միայն ու միայն ազնվությունն առ աշխատանք ու սերն առ մասնագիտություն՝ սա է իմ տեսակի շարժիչը։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան