Մահացել է Լիթլ Ռիչարդը

ԱՄՆ-ում 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Լիթլ Ռիչարդը:
Լիթլ Ռիչարդի մահվան լուրը հաստատել է նրա որդին՝ Դանի Փենիմանը: Հայտնի է, որ վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր, լուրջ կոտրվածքների պատճառով չէր կարողանում ինքնուրույն քայլել և մի քանի վիրահատություն էր տարել:

Լիթլ Ռիչարդը առավել հայտնի է Tutti Frutti, Long Tall Sally, և Good Golly Miss Molly երգերով: Նրա երգերը ոգեշնչել են մի քանի սերնդի: Ռիչարդի ստեղծագործական վերելքի և ծաղկման տարիները 1950-ականներն էին: Երգերը, որոնց հեղինակը Ռիչարդն է, տարիներ շարունակ կատարել են շատ այլ հայտնի արտիստներ, ինչպես օրինակ՝ Էլվիս Փրեսլին և The Beatles խումբը:
Լիթլ Ռիչարդը ծնվել է 12 երեխաներից բաղկացած մեծ ընտանիքում և, նրա խոսքով, սկսել է երգել, որպեսզի առանձնանա իր եղբայրների ու քույրերի մեջ։ Նրա կատարման եղանակը մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երաժիշտների, այդ թվում ՝ Բիթլզի և Էլթոն Ջոնի վրա։