«Սա արդարացի որոշում չէ». Սարգիս և Մանո Գրիգորյանները կմիանան Կառավարության դիմաց կազմակերպվող ցույցին

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու իր կինը՝ Մանո Գրիգորյանը, վաղը պատրաստվում են մասնակցել Կառավարության դիմաց սպասվող ցույցին՝ խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել՝ իհարկե, որոշ սահմանափակումներով։

Սարգիս Գրիգորյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել է, որ ամեն գործով էլ հնարավոր է զբաղվել, եթե պահպանվի հիգիենայի բոլոր կանոնները։ Դերասանը հասկանում է, որ մասսայական միջոցառումները վտանգավոր են, սակայն նկատում է, որ սրճարաններում էլ մարդիկ բավականին շատ են։

Սարգիսը նաև հավելել է, որ պատրաստ են քննարկումների, սահմանափակումների, բայց եթե բոլորի աշխատանքը բացվում է, իրենցը` ոչ, այդ դեպքում անհավասար պայմաններ են ստեղծվում։

Դերասանի խոսքով՝ ինքն իր աշխատակիցներին վճարել է արտակարգ դրության պայմաններում։ «Մի քանի ամիս է՝ ես իմ աշխատողներին վճարում եմ իմ գրպանից, ես չէի կարող թողնել նրանց, բայց էլ ի վիճակի չենք։ Մարդիկ ուղղակի ուզում են աշխատել»,- ասել է Սարգիսը։

Դերասանը նաև նշել է, որ ցույցը նա չէ կազմակերպել, սակայն միացել է գործընկերներին, որոնք արդեն ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն։ Թե հայտնի ընկերներից ովքեր են միանալու ակցիային, Սարգիսը չգիտի։ «Գիտեմ, որ իմ աշխատակիցներն են որոշել գալ, ես, որպես ղեկավար, իրենց կողքին եմ, հատկապես, որ ես կողմ եմ աշխատելուն։ Թե ոնց պիտի աշխատենք, այլ խնդիր է, պատրաստ ենք քննարկելու, հասկանալու, լսելու պրոֆեսիոնալներին։ Չպետք է միանձնյա որոշում կայացնել միայն Առողջապահության նախարարության հետ, որովհետև շատ բաներ միայն Առողջապահության նախարարությանը չեն վերաբերում»,- եզրակացրել է դերասանը։