«Փոքր տարիքից գնացել եմ իմ երազանքի հետևից»․ Սեդա Ավագյանը՝ թատրոնի, սիթքոմերի, հետաքրքիր անցկացրած կարանտինի ու այլ թեմաների մասին

Քանի դեռ կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը, նշանակում է, որ թատրոնները դեռ չեն աշխատի։ Թատրոնի դերասանների համար բարդ է բեմից ու հանդիսատեսից երկար ժամանակով հեռու մնալը, իհարկե թատրոնին չի փոխարինում ոչինչ, բայց իրավիճակը միայն մի փոքր մեղմացնում է այն, որ դերասանները երբեմն նաև հանդես են գալիս հեռուստատեսային նախագծերում։ Դերասանուհի Սեդա Ավագյանը, ով հայտնի դարձավ «Ֆեյք Մամա» և «Կուկուռուզ» սիթքոմերի շնորհիվ ու այժմ հանդես է գալիս նաև «Փափուկ Խաղալիք» սիթքոմում, նույնպես անհամբերությամբ է սպասում թատրոնների վերաբացմանը։ Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում դերասանուհին խոսել է թատրոնի, հումորային նախագծերի, իր կարանտինային առօրյայի, օնլայն ներկայացման ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Սեդան նշում է, որ համավարակի պայմաններում դժվար էր երկար տանը մնալը ու պատմում, թե ինչպե՞ս է անցել իր առօրյան հարկադրված տնային մեկուսացման շրջանում․ «Կարանտինը ճիշտ է բավականին երկար տևեց և խառնեց կյանքի ռիթմը, բայց եթե անկեղծ, չեմ ձանձրացել: Անընդհատ փորձել եմ ինձ ինչ-որ հետաքրքիր գործով զբաղեցնել: Ինչ խոսք, դժվար էր տանը մնալ, երբ արևն իր ջերմությամբ կանչում էր դուրս, բայց ես չափազանց լուրջ եմ վերաբերվում այս ամենին ու շատ եմ անհանգստանում հարազատներիս առողջության համար, այդ իսկ պատճառով ժպիտով դիմացել եմ»:

Այս ամիսների ընթացքում սոցկայքերում հայտնվող տեսանյութերը փաստում են այն մասին, որ մարդիկ ամեն կերպ փորձում են լցնել իրենց օրը։ Դերասանուհին նույնպես անգործ չի նստել ու մեզ հետ կիսվում է, թե ի՞նչ է արել այս ողջ ընթացքում, որպեսզի հաղթահարի ձանձրույթը․ «Հետևելով համացանցին՝ տեսնում եմ, թե աղջիկներն ինչ եռանդով են սկսել պատրաստել ու շատ ուրախ եմ, որ մայրիկների հոգսն այս ընթացքում պակասել է: Պատրաստել շատ սիրում եմ և կարանտինից առաջ էլ պատրաստում էի: Հարազատներս, ընկերներս փաստում են, որ համեղ եմ պատրաստում, կարծում եմ՝ չեն ստում: Ինձ համար սիրելի զբաղմունքներից է կարուձևը: Ժամանակին գլխազարդեր էի պատրաստում, իսկ այս ընթացքում, քանի որ ժամանակը շատ էր, փորձել եմ ավելի բարդ իրեր կարել ու կատարելագործվել: Ճիշտ է, ամբողջ աշխարհի վրա այս վիրուսը թողեց իր հետքը, բայց բարձր տրամադրությունը կփորձի փոքր-ինչ թեթևացնել ստեղծված իրավիճակը»:

Թատրոնի դերասանների համար դժվար էր ողջ ընթացքում բեմից ու հանդիսատեսից կտրված լինելը ու բոլոր դերասաններն անհամբերությամբ սպասում են իրենց սիրելի թատրոնների վերաբացմանը, բայց մինչ այդ փնտրում են այլընտրանքային տարբերակներ․ «Գոյ» թատրոնում զբաղված եմ Սարգիս Արզումանյանի բեմադրած` «Անասնաֆերմա» ներկայացման մեջ: Հանդիսատեսի կողմից շատ սիրված ու արդիական ներկայացում է: Այս ներկայացումը այն ոչ ստանդարտ, բայց ժամանակին համահունչ աշխատանքներից է, որը կարծում եմ՝ դեռ շատ երկար կլինի բեմում: Արտակարգ դրության պայմաններում #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում օնլայն հարթակում հետևորդները հնարավորություն ունեցան դիտելու «Անասնաֆերմա» ներկայացումը տանը նստած: Այնպես որ միշտ կարելի է գտնել այլընտրանքային տարբերակ»:

Սեդան շատ է սիրում իր գործընկերներին ու նշում է, որ հաճույքով է աշխատում նրանցից յուրաքանչյուրի հետ․ «Կոնկրետ այդ ներկայացման մեջ խաղում են շատ տաղանդավոր դերասաններ` Տրդատ Մակարյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սարգիս Չոլոյանը, Էդգար Անդրեասյանը, Էլիզա Մանթաշյանը, Ռիտա Խալաթյանը և շատ երիտասարդ ու շնորհալի դերասաններ»:

Դերասանուհուն սկսեցին ճանաչել «Կուկուռուզ» և «Ֆեյք Մամա» սիթքոմերի շնորհիվ, այժմ նա նկարահանվում է նաև «Փափուկ Խաղալիք» սիթքոմում`լրագրողի կերպարով: Սեդայի հետ զրույցի ընթացքում փորձեցինք հասկանալ՝ հե՞շտ է լինել լրագրող ու ըստ նրա՝ ի՞նչ հատկանիշներ են պետք այդ մասնագիտության համար․ «Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր բարդությունը: Կերպարը մարմնավորելը բարդ չէր, բավականին հետաքրքիր կերպար է, բայց ես իմ տեսակով չէի կարողանա աշխատել, որպես լրագրող: Ըստ իս, լրագրող դառնալու համար պետք է ունենալ շատ ամուր նյարդեր, չկոտրվող ու չնահանջող տեսակ»։

Հարցին, թե ի՞նչ ժանրում կցանկանա իր ուժերը հետագայում փորձել, դերասանուհին անկեղծանում է․ «Քանի որ այն նախագծերում, որտեղ նկարահանվել եմ եղել են հումորային, ցանկությունս մեծ է, որ նաև նկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով դրամատիկ, խորը և էմոցիոնալ կերպար»:

 

Դերասանուհի դառնալը Սեդայի մանկական ամենանվիրական երազանքն է եղել․ «Ինձ համար փոքրուց հստակ որոշված էր, որ դառնալու եմ դերասանուհի: Լինում է չէ՞, որ երեխաներին հարցնում են, թե ինչ են դառնալու և նրանք թվարկում են մի քանի տարբերակներ, իսկ ինձ մոտ հստակ էր: Փոքր տարիքից գնացել եմ իմ երազանքի հետևից` անկախ վերելքներից ու վայրէջքներից, երբեք չեմ փոշմանի ընտրությանս համար»:

Խոսելով բեմի վրա ու տեսախցիկի առջև աշխատելու դժվարություններից՝ Սեդան նշում է․ «Բեմն ունի իր յուրահատկությունն ու դժվարությունը, տեսախցիկը՝ իր: Երկու դեպքում էլ պետք է մաքսիմալ անկեղծություն`հանդիսատեսի և ինքդ քեզ հետ՝ մի կողմ թողնելով ամբիցիաները, և իհարկե, եթե վստահում ես ռեժիսորին, ու քննարկումների արդյունքում գալիս եք ընդհանուր հայտարարի՝ դժվարությունները մղվում են հետին պլան»:

Բացի թատրոնում խաղալն ու նկարահանումների մասնակցելը, Սեդան բավականին երկար ժամանակ դասավանդել է արվեստի դպրոցում և աշխատել փոքրիկ դերասանների հետ։ Խոսելով կարիերիայի մասին ու թե ինչպե՞ս է տեսնում իր ապագան, օրինակ՝ 5 տարի անց, դերասանուհին ասում է․ «Շատ բարդ է ասել, թե վաղն ինչ կլինի մեզ հետ, բայց կարող եմ ասել, որ էլի կխաղամ թատրոնում, հուսով եմ՝ ոչ օնլայն տիրույթում, և կնկարահանվեմ հետաքրքիր նախագծերում: Գուցե նորից սկսեմ դասավանդել և իմ ունեցած փորձով կիսվել նոր սերնդի հետ»։

Հարցին, թե ի՞նչն է նրան ամենից շատ դուր գալիս իր ընտրած մասնագիտության մեջ, նա առանց վարանելու պատասխանում է․ «Շատ հստակ և կարճ կպատասխանեմ`չկա մի բան, որն ինձ դուր չի գալիս ընտրածս մասնագիտության մեջ»։

Սեդան նախընտրում է պարզապես երազելու փոխարեն, թեկուզ փոքր քայլերով, բայց գնալ դեպի դրա իրագործումն ու զրույցի ընթացքում ևս նշեց այդ մասին․ «Երազանքներս դարձրել եմ նպատակներ, և քայլ առ քայլ հասնում եմ դրանց»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Սեդա Ավագյանի անձնական արխիվից