Դրեյքն իր երգում վիրավորել է Քայլի Ջեններին

33-ամյա Դրեյքն օրեր առաջ ներողություն է խնդրել աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկից՝ Քայլի Ջեններից, ում անունը ռեփերը շոշափել է իր երգում։ Դրեյքն իր ստեղծագործության մեջ վիրավորել է Ջեններին, նրա քրոջը՝ Քենդալին, ինչպես նաև մոդել Ջիջի Հադիդին։
Հաշվի առնելով այն, որ Դրեյքը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Քարդաշյանների ընտանիքի և Քայլի Ջենների սիրեցյալի՝ Թրևիս Սքոթի հետ, նրա այս արարքը զարմանք է առաջացրել երկրպագուների մոտ։

«Այս ռեփն ընդհանրապես չպետք է հնչեր։ Այն երեք տարի առաջ ինչ-որ կերպ հայտնվել է համացանցում, ինչի հետևանքով դուք այն պատահաբար լսեցիք։ Ես չէի ցանկանա սկսել իմ օրն այն մտքով, որ վիրավորել եմ ընկերներիս»,- ինստագրամյան էջում, դիմելով երկրպագուներին, գրել է Դրեյքը։
Նշենք, որ ամիսներ առաջ, երբ Քայլին ու Թրևիսը բաժանվել էին, համացանցում շշուկներ էին պտտվում, որ Ջենները սիրավեպ է սկսել Դրեյքի հետ։ Ո՛չ Դրեյքը, ո՛չ Քայլին այդպես էլ չմեկնաբանեցին շրջանառվող այդ լուրերը։