Լիդուշիկն առաջին անգամ հանդես կգա հեռուստասերիալում

Մանկուց հասարակության աչքի առաջ մեծացած երգչուհի Լիդուշիկը հանրության մեջ դեռևս տպավորված է որպես փոքրիկ աղջիկ, ում երգերն այսօր ծանոթ են գրեթե բոլոր երեխաներին։ Սակայն երգչուհին նորություն ունի իր երկրպագուների համար․ նա առաջին անգամ հանդես կգա հեռուստասերիալում։
Showbiz.am կայքի հետ զրույցում Լիդուշիկը պատմել է «Խաբկանք» հեռուստասերիալում իր դերի և կարանտինի հետևանքով հետաձգված ծրագրերի մասին։

-Ինչպե՞ս ստացաք սերիալում նկարահանվելու առաջարկը։
-Այս տարի ամանորին մեկնել էի ԱՄՆ 1 ամսով։ Երբ այնտեղ եմ լինում, բնականաբար, աշխատում եմ հանդիպել իմ բոլոր ընկերների ու ծանոթների հետ, և այդ հանդիպումներից մեկն էլ իմ շատ սիրելի Անուշիկ Պետրոսյանի հետ էր, ով հանդիսանում է սերիալի սցենարիստը։ Նա առաջարկեց ինձ նկարահանվել սերիալում, ներկայացրեց իմ կերպարը, և այն ինձ շատ դուր եկավ։ Այնուհետև, երբ արդեն Հայաստանում էի, մեզ հետ կապվեց USArmeniaTV-ի տնօրենը և ավելի հստակ ներկայացրեց սերիալում իմ դերը։

-Սա սերիալում նկարահանվելու Ձեր առաջին փորձն է․ ծագե՞լ են ձեռ առջև որևէ բարդություններ։
-Ես ֆիլմում նկարահանվելու փորձ արդեն ունեի, ի դեպ, ուզում եմ նշել, որ այդ ֆիլմի սցենարիստը նույնպես եղել է Անուշիկ Պետրոսյանը, որտեղից էլ նրան սկսեցի ճանաչել։ Սակայն այո, սերիալում նկարահանվելու իմ առաջին փորձն է սա, և դեռևս ոչ մի բարդություն և դժվարություն չեմ ունեցել։

-Շատերը կարծում են, որ հայկական սերիալներն անորակ են․ ինչո՞վ է դա պայմանավորված։
-Անկեղծ լինեմ ու ասեմ, որ հայկական սերիալներից մեկ կամ 2-ն եմ դիտել և հավանել։ Ես կարծում եմ, որ սերիալների անորակ լինելը մի քանի հանգամանքներով է պայմանավորված, որոնցից թերևս ամենագլխավորը բյուջեն է։ Բացի դրանից սերիալները բովանդակությամբ շատ նման են իրար, որն էլ չի գրավում հանդիսատեսին։

-Իսկ ինչո՞վ Ձեզ գրավեց «Խաբկանք» սերիալը։
-Այս սերիալն ինձ գրավեց հենց նրանով, որ տարբերվող էր, որ նման մտահղացում, նման հարաբերությունների դրսևորում դեռ հայկական սերիալում չի եղել։ Իմ կարծիքով սերիալը պետք է գրավիչ լինի ոչ միայն սցենարով, դերասանական խաղով, այլ նաև ամեն մի մանրուքով՝ սկսած ինտերիերից, վերջացրած դերասանի հագուստով։

-Ինչպիսի՞ն է Ձեր կերպարը սերիալում։
– Սերիալում Լիդիա անունով ուրախ, կենսախինդ, դրական կերպարով աղջիկ եմ։

-Ապագայում կա՞ ցանկություն խաղալ նաև թատրոնում։
-Թատրոնում խաղալ չեմ ուզենա, իսկ որպես դերասան՝ ֆիլմում կամ որևէ նախագծում, հնարավոր է։

-Ի՞նչ նախագծեր ունեիք, որոնք հետաձգվեցին կարանտինի հետևանքով։
-Նախքան կարանտինային շրջանը ունեի գործիքավորված 3 նոր երգեր, որոնցից միայն մեկը հասցրի ձայնագրել, իսկ մյուս երկուսը դեռ չեմ ձայնագրել։ Հետո պլաններում պետք է լինեին գոնե նրանցից 2-ի տեսահոլովակները։
Այս իրավիճակից ելնելով՝ հետաձգվեցին նաև հենց «Խաբկանք» հեռուստասերիալի նկարահանումները։ Ընդամենը մի քանի սերիա ունեինք նկարահանված և հիմա արդեն շատ արագ տեմպերով ու ինտենսիվ պետք է շարունակենք մեր աշխատանքը։
Հուսով եմ՝ ամեն ինչ կընկնի կյանքի բնականոն հունի մեջ։

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում։
-Ինձ համար չափազանց անսովոր էր տանը մնալը, քանի որ իմ կյանքում ես դեռ այսքան երկար ժամանակով տանը չէի փակվել։ Առավոտ շուտ դուրս եմ եկել քույրիկիս հետ սպորտով զբաղվելու, մաքուր օդում զբոսնելու և տուն վերադարձել։ Տանը համալսարանի առցանց դասերն ու ֆրանսերենիս անհատական պարապունքներն եմ արել։ Բացի այդ, մարզերի շատ դպրոցների, հատուկ կենտրոնների ու ՀԿ-֊ների խնդրանքով եղել եմ առցանց հյուր և շփվել եմ երեխաների հետ, պատասխանել նրանց հարցերին, երգել նրանց հետ ու փորձել զբաղեցնել այս դժվար օրերին։
Իսկ զավեշտալի դեպքեր ինձ հետ շատ են եղել այս ընթացքում և նրանք բոլորն էլ կապված են տնային գործերի, խոհանոցի հետ։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։ Ես ևս որոշ խոհարարական հմտությունների տիրապետեցի։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան