YouTube-ը հրապարակել է հանրահայտ երգչուհի Բեյոնսեի՝ 2020 թվականի շրջանավարտներին ուղղված ազդեցիկ ելույթը, որում երգչուհին շնորհավորել է շրջանավարտներին, «որոնք ստիպված են հաղթահարել երկրում տեղի ունեցող աննախադեպ իրադարձություները՝ գլոբալ ճգնաժամն ու ռասայական անհավասարության ֆոնին ընթացող բողոքի ցույցերը», գրում է Daily Mail-ը։
«Դուք մի ամբողջ սերնդի աղոթքների պատասխանն եք»,- 38-ամյա աստղը դիմել է շրջանավարտներին՝ շնորհակալություն հայտնելով իրենց հավաքական ձայնը լսելի դարձնելու և սևամորթների կյանքն արժևորելու համար։
«Իրական փոփոխությունները սկսվել են ձեզնից»,- հայտնել է երգչուհին։
Destiny’s Child խմբի նախկին աստղը նաև անդրադարձել է երգարվեստում իր կարիերային և մարտահրավերներին։
«Այս ոլորտում դեռ գերիշխում են տղամարդիկ և որպես կին՝ ես չեմ տեսել այնպիսի կանանց, որոնցից կարող էի օրինակ վերցնել»,- ասել է Բեյոնսեն։
Հարցին, թե որն է իր հաջողության գրավականը, երգչուհին նշել է, որ հաճախ անհաջողությունները գերազանցում են հաղթանակներին։
«Այո, ես բախտավոր եմ ունենալ 24 «Գրեմմի», բայց ես 46 անգամ պարտվել եմ։ Դա նշանակում է 46 անգամ մերժում»,- հիշեցրել է նա իր երկրպագուներին։
«Մոռացե՛ք ձեր վախի ու կասկածների մասին։ Շարունակեք ձեր առջև մարտահրավերներ սահմանել ու հաղթահարել դրանք»,- ժպիտով եզրափակել է 38-ամյա Բեյոնսեն։