Կորեական հայտնի BTS խումբը և նրա երկրպագուներն ավելի քան 2 միլիոն դոլար են նվիրաբերել Black Lives Matter շարժմանը

Կորեական հայտնի BTS խումբը Black Lives Matter միջազգային շարժմանն աջակցելու համար 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել, հայտնում է CNN հեռուստաալիքը:

«Դեմ ենք ռասայական խտրականությանը, դատապարտում ենք բռնությունը, դու, ես, և մենք բոլորս հարգված լինելու իրավունք ունենք։ Կմիավորվենք»,- նախորդ շաբաթ թվիթերյան իր օգտահաշվում գրել է հայտնի խումբը և գրառման վերջում «BlackLivesMatter» հեշթեգը դրել։

Աղբյուրը մանրամասնում է, որ խմբի երկրպագուների կողմից ստեղծված «One In An ARMY» խումբը, իր հերթին, նույնպես արշավ է նախաձեռնել, որի շրջանակում նույն նպատակին ուղղված հանգանակություններ են կատարել։ BTS-ի թվիթերյան հրապարակումից 24 ժամ անց խմբի երկրպագուները հավելյալ 817 000 են հավաքել, իսկ ավելի ուշ նվիրատվության չափը հատել է 1 միլիոն դոլարի սահմանը։

Black Lives Matter շարժման գործադիր ղեկավարը շնորհակալութուն է հայտնել խմբին նվիրատվոթյան համար և կոչ արել բոլորին միավորվել՝ պայքարելու սևամորթների դեմ տեղի ունեցող ռասայական խտրականության դեմ։