Համացանցում է հայտնվել Մոսկվայում մահվան ելքով ավտովթարի գործի շրջանակում ՌԴ վաստակավոր արտիստ, դերասան Միխայիլ Եֆրեմովի հարցաքննության տեսանյութը, հայտնում է Телеканал 360-ը։
Հարցին, թե արդյոք հիշու՞մ է՝ ինչ է տեղի ունեցել նախորդ գիշեր, Եֆրեմովը պատասխանել է. «Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, ես շոկի մեջ եմ»։
Դերասանը նաև հայտնել է, որ «ամենայն հավանականությամբ» հարբած է եղել, սակայն չի կարողացել հիշել, թե որտեղ է հարբել և որքան։
Եֆրեմովը ևս մեկ անգամ հաստատել է, որ իրեն մեղավոր է ճանաչում։
«Այո, իհարկե, ո՞ւր եմ փախչելու»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայի ղեկին Եֆրեմովը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել ֆուրգոնի։
Փորձաքննությունը ցույց է տվել, որ միջադեպի ժամանակ նա հարբած է եղել։ Ավելի ուշ ավտովթարից տուժած ֆուրգոնի վարորդը հիվանդանոցում մահացել է։
Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Արտիստի համար մինչև օգոստոսի 9-ը տնային կալանք է սահմանվել։