Ալլա Սահակյանը՝ ընտանեկան հետաքրքիր կարանտինի, նոր մասնագիտության ու սպասվելիք նորությունների մասին (նոր ֆոտոշարք)

Երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը այն արտիստներից է, ով հայտնվելով տնային մեկուսացման պայմաններում, ստիպված լինելով չեղարկել բազմաթիվ ծրագրեր՝ չի կորցրել լավատեսությունը ու այս բարդ փուլում կարողացել է ստեղծագործել տանը և ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելի ընտանիքի՝ Գարի Քյոսայանի ու փոքրիկ Մարիայի հետ։ Showbiz.am-ի հետ զրույցում Ալլա Սահակյանը պատմել է ինքնամեկուսացման ընձեռած հնարավորությունների, ապագայում սպասվելիք համերգների, ներկայացումների ու ֆիլմերի մասին, ինչպես նաև մեզ տրամադրել իրենց ընտանեկան նոր և գեղեցիկ ֆոտոշարքը։

«Կարանտինային շրջանը շատ հետաքրքիր է անցել։ Իրականում այս ազատ ժամանակն անհարժեշտ էր, որպեսզի տանը լինեի։ Մինչ այդ անդադար զբաղված էինք, շատ գործեր էինք պլանավորում՝ համերգներ և այլն։ Շատ պրոդուկտիվ եմ անցկացրել այս ամիսները։ Գրականություն կար, որ մի կողմ էի թողել, անընդհատ չէր ստացվում կարդալ, իսկ այս ընթացքում հասցրեցի ամբողջը կարդալ։ Սովորելու նյութեր, երգեր կային, որոնք վերջապես հասցրեցի պատրաստել երգացանկիս համար։ Գարիին նույնպես օգնում էի, միասին երգեր ունեինք, որոնք պետք է ավարտեինք»,- պատմում է դերասանուհին։

Կարանինը Ալլա Սահակյանին տվեց ազատ ժամանակ, որը նա ծախսեց հնարավորինս հետաքրիր ու օգտակար կերպով․ «Քանի որ մարդիկ սահմանափակումների մեջ են, սկսվեց մի հետաքրքիր փուլ՝ իմպրովիզացիաների մի շրջան, երբ բոլորը սկսեցին ինչ-որ նոր հետաքրքրություններ գտնել իրենց տանը։ Ես իմ բնույթով ստեղծագործող մարդ եմ թե՛ տանը, թե՛ աշխատանքում։ Անդադար պրպտումների մեջ եմ ու փորձում եմ ստեղծագործական մոտեցում ցույց տալ թե՛ կերակուր պատրաստելիս, թե՛ հագուստ մոդելավորելիս ու աքսեսուարներ ստեղծելիս։ Մինչ այս շրջանը ժամանակն իսկապես ինձ չէր հերիքում ամեն բան հասցնելու համար, իսկ այս ընթացքում շատ բաներ արեցի, մանավանդ մարտ ամսին, երբ ավելի ցուրտ էր ու նույնիսկ խանութ գնալ չես ուզում՝ անգամ սկսել էի տանը հաց թխել։ Պատրաստել շատ եմ սիրում ու այս ընթացքում շատ համեղ կերակուրներ եմ պատրաստել, որոնց մեծ մասը իմպրովիզացիա էին։ Ինձ համար շատ հաճելի էր, երեխայիս էլ ներգրավում էի այդ գործընթացում։ Այսպիսի դադարը հնարավորություն է զարգանալու, ստեղծագործելու, ինքնակրթվելու համար»։

Դերասանուհին պատմում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նախաձեռնությունների ու իր նոր, հետաքրքիր մասնագիտության մասին, որն իր մեջ բացահայտեց տնային մեկուսացման ընթացքում․ «Թատրոններ կային, որոնք իրենց արխիվներում ունեին նկարահանված ներկայացումներ, որոնք սկսեցին ցուցադրել, իսկ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց զրոյից։ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի Առականի նախաձեռնությունը սկսեցինք, ինչպես նաև «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ֆիլմի ստեղծման գործընթացը, որի ռեժիսորը Վարշամ Գևորգյանն է։ Այն հիմնված է յոթ պատմվածքների վրա, ու ես այսօր այդ ֆիլմի համար իմ տանը մի հատված էի նկարում։ Այնտեղ մի այսպիսի տող կա․ «Մի օր մեր տուն բերեցին սինիով փախլավա»։ Այդ մի տողը նկարելու համար ես այսօր գնացել ու փախլավայի համար անհրաժեշտ բաղադրչներ եմ գնել, այն պատրաստել եմ, որպեսզի նկարեմ, թե ինչպես է փախլավան տուն մտնում։ Մի խոսքով, այդ մի կադրի համար, ես այսօր երեք ժամ ծախսեցի (ծիծաղում է,-հեղ․)։ Այս վերջին ամիսներին նաև նկարահանումներ էի անում այդ ֆիլմի համար։ Մեր դերասանները տանը նկարում են իրենց հատվածները, ես նույնպես փորձում եմ օգնել ու տեսարաններ կան, որոնք հենց իմ տանն եմ նկարահանել, քանի որ շատ գեղեցիկ պատշգամբ ունեմ, կարողացա ստանալ հետաքրքիր կադրեր, բնության տեսարաններ, թռչուններ, լուսաբաց, երկինք և այլն։ Նաև երբ քաղաքից դուրս ենք գնացել ընտանիքով, այնտեղ էլ եմ հնարավորինս գեղեցիկ կադրեր նկարել։ Իհարկե մեծ գործը Վարշամինն է, քանի որ սա նրա աշխատանքն է, վերջում այդ բոլոր կադրերը կմիացվեն իրար ու վստահ եմ, որ շատ գեղեցիկ կստացվի, քանի որ Վարշամը շատ լավ ճաշակ ու վառ երևակայություն ունի։ Մեր թատրոնի բոլոր արտիստներն էլ այս ընթացքում ինչ կարողանում են անում են՝ թե՛ ֆիլմի համար, թե՛ մեր մյուս նախագծերի։ Լավ է, որ այս ընթացքում մեզնից յուրաքանչյուրը սկսեց իր համար նոր բաներ փորձել, ինքնաարտահայտվել։ Օրինակ, ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ օպերատորական աշխատանք իրականացնել, ու դա ինձ այդքան կարող է դուր գալ»։

Համաճարակային շրջանում անվտանգության կանոնները պահելու ու քաղաքացիական պատասխանատվության մասին․ «Ասեմ, որ կարանտինի շրջանում սահմանված անվտանգության կանոններին ես շատ խիստ եմ հետևել։ Եթե կա մարդկանց մի փոքր տոկոս, որ ուղղակի զիվորական պատասխանատվությամբ է մոտեցել այս ամենին, ես վստահ կարող եմ ասել, որ մեր ընտանիքն այդ մարդկանց թվին է պատկանում։ Նույնիսկ Վարշամի ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանումներին ես չմասնակցեցի, քանի որ նախատեսվում էր մասսայական տեսարան, իսկ ես չցանկացա վտանգել որևէ մեկի առողջությունն ու անվտանգությունը։ Ցավով եմ նշում, որ չկարողացա այդ օրը մասնակցել նկարահանմանը, բայց պահեր են լինում, երբ լուրջ երկընտրանքի առաջ ես հայտնվում։ Ես երեք ամիս է, ինչ ծնողներիս տանը չեմ եղել, ովքեր մեզանից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա են ապրում։ Տնից դուրս եմ եկել բացառապես խանութ մտնելու համար, այն էլ՝ խիստ անհրաժեշտության դեպքում, և եթե քաղաքից դուրս եմ գնացել, ապա Գարիի ու Մարիայի հետ և միայն այնպիսի վայրերում, որտեղ բացի մեզանից շրջակայքում ոչ-ոք չի եղել։ Այդ պատասխանատվության զգացումը իհարկե բարդացնում է կյանքդ, բայց երբ գիտես, որ կարևոր նպատակի համար ես անում, արդեն ուրիշ կերպ ես սկսում մտածել։ Գիտեք՝ եթե բոլորն այսպիսի պատասխանատվությամբ մոտենային, մենք շատ վաղ վարակի դեմ մեր պայքարն ավարտած կլինեինք։ Երբ բոլորը այդպես մտածեին, կհասկանայինք, որ ինչ-որ տեղում այդ վերջակետը կդրվի, բայց երբ տեսնում ես, որ դու այսպես ես, իսկ մյուսները լրիվ այլ կերպ են մտածում՝ շատ է տխրեցնում։ Մեր մարդիկ պետք է գիտակցեն, որ միասնականության ուժով միայն կարող ենք հաղթահարել դժվար շրջանները, որովհետև մենք շատ լավ, տաղանդավոր, զիլ ազգ ենք, ու չեմ կարծում, որ այն բացասական կարծիքները, որոնք հնչում են մեր ժողովրդի մասին, համապատասխանում են իրականությանը»։

Երգչուհին առանձնացնում է ամենից թանկ ու կարևոր մի երևույթ․ «Երբ վերադառնանք մեր բնականոն կյանքին ամենաթանկը լինելու են մարդկային հարաբերությունները, որոնք պետք է փայփայել ու իսկապես դողալ ունեցածիդ վրա։ Պետք է գնահատել, կարեկցել կողքինին ու սիրել մերձավորին։ Այդ արտահայտության մեջ ամեն ինչ կա՝ խնայել, զգուշավորություն ցուցաբերել, հարգել։ Շատ եմ ուզում, որ այս օրերի ընթացքում էլ զգամ ու տեսնեմ, որ մարդիկ միմյանց հանդեպ սրտացավ են ու այլ կերպ են մտածում և չեն տրվում էգոյի ազդեցությանը»։

Չեղարկված համերգների ու ներկայացումների մասին․ «Պլաններ շատ ունենք, մինչև կարանտինի սկսվելը մենք շատ հետաքրքիր մեկնարկային փուլում էինք ու արդեն նախանշված համերգներ ունեինք Հայաստանում՝ Էջմիածնում, Դիլիջանում և այլն։ Նաև Գարի Քյոսայանի ջազ քառյակի հետ «Ազնավուր» համերգ ներկայացումը չեղարկվեց, որի բեմականոցումը ես եմ արել ու ողջ գրական հատվածը հավաքել եմ Ազնավուրի կենսագրական գրքերից։ «Արտավազդ» մրցանակի էինք ներկայացված հենց այդ համերգ-ներկայացումով։ Մարտ ամսին հինգ համերգ ունեինք, որոնց տոմսերը վաճառված էին, ամեն ինչ պատրաստ էր, նույնիսկ ապրիլի համար էր ամեն բան նախանշված, բայց բոլոր ծրագրերը չեղարկվեցին։ Ամեն օր սպասում ենք, թե ինչ որոշում պետք է լինի վաղը, ցավոք սրտի Հայաստանում վարակի տարածման այնպիսի անհասկանալի պարաբոլ է զարգանում, որ պարզապես չես կարող կանխատեսել վաղվա օրդ։ Համերգները, բնականաբար, կլինեն, բայց միայն պարետի հստակ որոշումներից ու փակ տարածքներում միջոցառումներ անցկացնելու թույլտվությունից հետո։ Լիահույս եմ, որ սեպտեմբերին արդեն ամեն բան կարգավորված կլինի, ու մենք կսկսենք մեր համերգները։ Նաև համերգներին հատուկ հյուր ունենք, ով ԱՄՆ-ից պետք է ժամանի, եթե իրենց մոտ էլ շուտ կարգավորվի իրավիճակը, ապա այդ երաժիշտը կգա ու կսկսենք համերգները, եթե ոչ, ապա ստիպված կլինենք առանց նրա սկսել։ Համազգային թատրոնում իրավիճակի կարգավորվելուն պես կներկայացնենք ներկայացման պրեմիերա, որում ես գլխավոր դեր եմ մարմնավորում, բայց չեմ ուզում բացել չակերտները»։

Երբ կարանտինն ավարտվի ու վիրուսը վերջնականապես նահանջի, Ալլա Սահակյանը կշտապի այցելել ծնողներին․ «Շատ եմ նրանց կարոտել, բայց տխուր չեմ, որովհետև գիտակցում եմ, որ այդպես էր պետք։ Եթե մինչ այս ես չեմ գնացել ու թույլ չեմ տվել, որ նրանք գան, ապա դա արել եմ՝միայն նրանց առողջության ու անվտանգության մասին մտածելով։ Ես չեմ ցանկացել պատճառ հանդիսանալ, որ հանկարծ նրանց մի բան պատահի ինձ հետ հանդիպելու ճանապարհին։ Այսպես ես գոնե գիտեմ, որ նրանք ապահով են։ Սերը տարբեր դրսևորումներ ունի, ու այսպես էլ ես սիրում, երբ մտածում ես ծնողիդ առողջության ու անվտանգության մասին»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան